Արհմիությունների միջոցով աշխատողի իրավունքների պաշտպանության ինստիտուտը հեռու է կայացած լինելուց. Թ. Ավետիսյան
Այսօր՝ աշխատանքի մրջազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի և զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդական Թադևոս Ավետիսյանը շնորհավորեց բոլոր աշխատողներին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ակտիվ փնտրում են աշխատանք, բայց դեռևս չեն հասցրել գտնել իրենց հարմար աշխատանք:
Նա հիշեցրեց, որ 2005 թվականից ՀՀ-ը ունի իր աշխատանքային օրենսգիրքը, որը եկել է փոխարինելու խորհրդային տարիներին գործող աշխատանքային օրենսգրքին:
Անդրադառնալով աշխատողների հիմնարար իրավունքներին և գործատու-աշխատող հարաբերություններին՝ Թադևոս Ավետիսյանը մանրամասնեց. «ՀՀ աշխատանքային օրենսգրքում ունենք հստակ սահմանված սկզբունքներ, որոնք վերաբերում են ազատ աշխատանքի, հարկադիր աշխատանքի բացառման իրավունքին, աշխատավարձի և կատարած աշխատանքի դիմաց արդարացի վարձատրությանը և այլն: Սահմանված է նաև Գործատուի և աշխատողի իրավունքների ու պարտականությունների հստակ հավասարակշռումը: Գործատուն և աշխատողը պետք է հնարավորություն ունենան ազատ և հնարավոր բոլոր ձևերով քննարկելու և գտնելու իրենց համար արդյունավետ լուծումներ: Այսինքն՝ սոցիալական գործընկերությունը և սոցիալ աշխատանքային հարթակում պատասխանատվությունն այն ամենակարճ ճանապարհն են, որը կբերի և աշխատաողի իրավունքների արդյունավետ պաշտպանվածությանը և գործատուի համար հնարավորություն կստեղծի, որպեսզի մրցունակ լինի տնտեսական հարաբերություններում»:
Խորհրդականի խոսքով՝ այս փուլում կարևորվում է նաև աշխատանքային հարաբերությունների ազատականացումը:
«Եթե դիտարկենք թե տարածաշրջանի, թե ԵՄ անդամ երկրների փորձը, ապա կտեսնենք, որ մեկը մյուսի հետևից փորձում են առավել ազատականացնել աշխատանքային հարաբերությունները և առավել շեշտադրել կողմերի բանակցությունների հնարավորությունները»,- նշեց Թադևոս Ավետիսյանը:
Խնդիրներից խոսելով, նա հայտնեց, որ ՀՀ-ում աշխատողների իրավունքների ոչ պետական պաշտպանության՝ այսինքն արհմիությունների և աշխատողի ներկայացուցիչների միջոցով աշխատողի իրավունքների պաշտպանության ինստիտուտը դեռևս հեռու է կայացած լինելուց:
«Այս ուղղությամբ բավականին շատ անելիքներ կան: Այստեղ շատ կարևոր է պետության դերը, որը նախ և առաջ պետք է ստեղծի իրավական կարգավումներ, որոնցով արհմիությունների դերը կարող է հետևողականորեն բարձրանալ, և աշխատողները բացի դատական, վարչական կարգով իրենց իրավունքները պաշտպանելուց կունենան նաև այն հիմնարար ուղղությունն ու հնարավորությունը, որը կազմակերպվում է արհմիությունների միջոցով»,- հավելեց աշխատանքի և զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդականը:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են. Սերժ Սարգսյան
- Աշխատանքի և աշխատավորների օրն է