Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը եկել է ՀՀԿ-ին օգնելու. «Երկիր Ծիրանի»-ի ավագանու թեկնածու
«Երկիր ծիրանի» կուսակցության անդամ, Երևանի ավագանու թեկնածու Ստելլա Աղաջանյանը քաղաքականություն մուտք գործելու որոշում կայացրել է՝ հետևելով Զարուհի Փոստանջյանի՝ 10 տարուց ավելի ձգվող անբասիր գործունեությունը: Այս մասին բանախոսն ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ Փոստանջյանը հավատ է ներշնչում իրեն:
«Երևանի վաղվա օրվա հետ կապված տագնապներս ստիպեցին թեկնածությունս առաջադրել: Հաշվի առնելով Զարուհի Փոստանջյանի կամային հատկանիշները, դրոշակակիր լինելու, փխրուն ուսերին ծանրություն տանելու ունակությունները՝ փորձելու ենք Երևանն ազատատագրել ՀՀԿ-ից, նրա բռնապետությունից և ավազապետությունից: Տարոն Մարգարյանը տապալել է Երևանի կառավարման բոլոր ծրագրերը, նրա կառավարման օրոք քաղաքն աղճատվել է: Այս ամենն արվում է, որ Հայաստանը հայաթափվի»,- ընդգծեց Ստելլա Աղաջանյանը:
Բանախոսը համոզմունք հայտնեց՝ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվել է, որպեսզի ընտրողը երկու բևեռ չունենա և անորոշության մեջ հայտնվի:
«Հնարավոր է՝ նա եկել է ՀՀԿ-ին օգնելու: Այլապես, եթե նա անցել է ԱԺ, ինչո՞ւ է առաջադրվել նաև Երևանի քաղաքապետի պաշտոնում»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանն ավելի ու ավելի արագ է գահավիժում:
Ասուլիսին ներկա, «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու Վարուժան Անտոնյանն իր հերթին ևս բարձր գնահատեց Զարուհի Փոստանջյանի ազնվությունն ու անկոտրում կամքը:
«Եղած իրավիճակը մեզ չի բավարարում, մենք գտնում ենք, որ քաղաքապետարանում կան բավարար միջոցներ՝ ուղղելու Երևանի արդյունավետ կառավարմանը: Խնդիրներ կան ճարտարապետության, Կենտրոնի ծանրաբեռնվածության, հանրային տրանսպորտի, կանաչ գոտիներ ստեղծելու ոլորտներում»,- նշեց բանախոսը՝ ընդգծելով, որ Երևանում պետք է զարկ տրվի զբոսաշրջությանն ու առողջապահությանը:
Հարակից հրապարակումներ`
- «Երկիր ծիրանի» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը
- «Երկիր Ծիրանին» մեկնարկեց քարոզարշավը
- «Երկիր Ծիրանի»-ի ընտրացուցակում ընդգրկվածների մեծ մասն անկուսակցական են
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան