Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման մասին արձանագրություն
Ապրիլի 27-29-ն աշխատանքային այցով Թեհրանում էր գտնվում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ, Իրանում ՀՀ դեսպանությունից ստացված հաղորդագրության համաձայն,
Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության նախագահ Մասուդ Քարբասիանի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համապատասխան մարմինների միջև համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հետ կապված հարցեր:
Զրուցակիցներն ընդգծել են, որ այն կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության աճին, տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների մեծացմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:
Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարևորել է երկու երկրների կողմից Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի օգտագործումը, ինչի մասին նշված ՀՀ և ԻԻՀ նախագահների 2016 թ. դեկտեմբերի 21-ին Երևանում ընդունած համատեղ հայտարարությունում:
Վարդան Հարությունյանը գոհունակություն է հայտնել, որ իրանական կողմը ձեռնամուխ է եղել հայկական համարանիշներով ավտոմեքենաների Իրան մուտքի համար վճարների հետ կապված խնդիրների լուծմանը և հույս հայտնել, որ շուտով այն կկարգավորվի:
Հանդիպման ավարտից հետո Վարդան Հարությունյանն ու Մասուդ Քարբասիանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրությունը:
Թեհրան այցի ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: ՀՀ պատվիրակության անդամներն «Արարատ» մարզավանում հանդիպել են նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան