Պուտինի մասին ամերիկացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի հունիսին
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի ֆիլմը, որն իրենից ներկայացնում է հարցազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ԱՄՆ-ում ցուցադրելու են հունիսի կեսերին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Showtime հեռուստաընկերությունը:
Հարցազրույցները վարել է հենց ռեժիսորը: «The Putin Interviews» («Հարցազրույց Պուտինի հետ») նախագիծը չորս մասից է, որոնք եթեր են հեռարձակվելու երեկոյան ժամերին հունիսի 12-15-ը:
Հեռուստաալիքի հայտարարության մեջ նշվում է, որ Սթոունը անցած երկու տարիներին զրուցել է ՌԴ նախագահի հետ առնվազն տասն անգամ, վերջին անգամ այս տարվա փետրվարին:
Սթոունը հայտնի է որպես ռեժիսոր, ով նկարում է ֆիլմեր սուր քաղաքական թեմաներով, նրա հերոսները եղել են Ռիչարդ Նիկսոնը, Ջոն Քենեդին, Ջորջ Բուշ-կրտսերը: Նրա վերջին ֆիլմը պատմում է ԱՄՆ հատուկ ծառայության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի մասին, որի շնորհանդեսը կայացել էր 2016-ի աշնանը: