Իրանական կայք. Իսլամական խաղերից հետո Ադրբեջանի իշխանությունները Բաքվի պատմական մզկիթը կքանդեն
Իսլամական խաղերից հետո Ադրբեջանի հակաիսլամական քաղաքականություն վարող իշխանությունները Բաքվի պատմական մզկիթը կքանդեն,-հաղորդում է իրանական «Ղաֆղազ.իր» կայքը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքվի քաղաքապետարանի կարգադրությամբ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու պատրվակով ապրիլի 11-ին քանդվել էր Բաքվի «Նարիմանով» փողոցում գտնվող «Հաջ Աբդ ալ-Ռահիմ Բեյքի» մզկիթը, որից հետո նպատակ ունեին քանդել՝ «Հաջի Ջավադ» մզկիթը, սակայն դիմադրության հանդիպելով, կասեցրեցին քանդման գործընթացը:
«Ղաֆղազ.իր», հղում կատարելով Ադրբեջանում ունեցած իր հավաստի աղբյուրներին, նշում է, որ Բաքվում այս օրերին անցկացվող իսլամական խաղերի ավարտից հետո Բաքվի քաղաքային իշխանությունները կշարունակեն «Հաջի Ջավադ» մզկիթի քանդման գործընթացը:
Հավելենք, որ օրերս Ադրբեջանի հարցերով իրանցի փորձագետ Համեդ Սոլթանփուրը, անդրադառնալով Բաքվում անցկացվող իսլամական խաղերին, մասնավորապես ասել է. «Ադրբեջանում մի շարք հոգևորականների, ինչպես նաև Նարդարանի դեպքերին առնչվող մասնակիցների նկատմամբ անարդարացի դատական որոշումներ են կայացվել: Դա մարդու իրավունքների բացահայտ խախտում է»:
Շարունակելով խոսքը՝ Սոլթանփուրը հավելել էր. «Ադրբեջանցիներից շատերն Իլհամ Ալիևի իշխանության՝ կրոնի ու մշակույթի նկատմամբ գործած դավաճանության մասին տեղյակ չեն: Իլհամ Ալիևի իշխանությունն Ադրբեջանի հասարակության նկատմամբ մեծ դավաճանություն է գործել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան