«Ելք»-ի նախընտրական ծրագիրը շատ իրատեսական և չափելի է. Արայիկ Հարությունյան
«Ելք»-ն իր նախընտրական ծրագիրը կառուցել է 3 հենասյուների վրա՝ հաշվետվողականություն, արդյունավետ կառավարում և համաչափ զարգացում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը:
Նա նկատեց, որ Երևանում լուրջ է հատկապես հասարակական տրանսպորտի վիճակը: Այս ոլորտը, նրա խոսքով, քաղաքային իշխանությունը տապալել է:
«Կրթության ոլորտի ձախողման համար ևս քաղաքապետն է պատասխանատու, քանի որ քաղաքապետարանն է նշանակում դպրոցների տնօրեններին: Իսկ մեր ծրագիրը պոպուլիզմից զուրկ է, կառուցված է հասարակության պահանջների հիման վրա: Այն շատ իրատեսական և չափելի է: Մեզ ընտրելուց հինգ տարի հետո քաղաքացին տեսնելու է՝ որ ծրագրերն են իրականացվել, որոնք՝ ոչ»,- նշեց բանախոսը:
Ավագանու թեկնածուն անհիմն համարեց «Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչների պնդումները, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին՝ սատարելու ՀՀԿ-ին:
«Զարմանալի է՝ ինչու այդ միտքը հայտնած Ստելլա Աղաջանյանը նույն միտքը չէր հայտնել օրեր առաջ՝ ինձ հետ բանավեճի ժամանակ»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ միաժամանակ շեշտելով, որ «Ելքը» հստակ այլընտրանք է գործող ռեժիմին:
Արայիկ Հարությունյանը ձեռնպահ մնաց գնահատել սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք կանխատեսում են Տարոն Մարգարյանի հաղթանակը:
««Ելք»-ը ոչ մի բանով չի զիջում ՀՀԿ-ին»,- շեշտեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին