Հայաստանը՝ շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնության փոխչեմպիոն
Հունաստանում ավարտվել է շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը, որն անցկացվում էր երկու տարիքային խմբերում` 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի հավաքականը մասնակցում էր 50-ից բարձր մրցաշարին:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Ավստրիայի նկատմամբ. մեր թիմի կազմում հաղթանակ է տոնել Արտաշես Մինասյանը, իսկ մնացած պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
2017 թվականի շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է 18 միավոր վաստակած Ռուսաստանի հավաքականը, Հայաստանի ընտրանին, որի կազմում հանդես էին գալիս հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը, վաստակել է 15 միավոր և դարձել փոխչեմպիոն, իսկ Անգլիայի առաջին հավաքականը 14 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:
Հայաստանի հավաքականի անդամներն արժանացել են նաև անհատական մեդալների. Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը և Սերգեյ Գալդունցը իրենց խաղատախտակների վրա նվաճել են արծաթե մեդալներ:
Հարակից հրապարակումներ`
- Նախավերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը երկրորդն է շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում
- Հայաստանի հավաքականը պահպանել է երրորդ հորիզոնականը շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում
- Հայաստանի վետերանների հավաքականը գլխավորեց շախմատի աշխարհի առաջնությունը
- Հայաստանի վետերան շախմատիստների հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը