Ղազախստանի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու քայլն առնվազն անհասկանալի է. Ալեքսանդր Մարկարով
Kazakhstan Paramount Engineering ընկերության փոխտնօրեն Յոհան Դելպորտն օրեր առաջ հայտարարել էր, որ Ղազախստանը ցանականում է «Արլան» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ մատակարարել Ադրբեջանին։ Որոշ տվյալներով՝ զրահամեքենաների խմբաքանակը Ադրբեջանում կլինի մինչև այս տարեվերջ։
Իրավիճակը հետաքրքրական է այնքանով, որ Ղազախստանը ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցն է, մինչդեռ չի զլանում զինամթերք մատակարարել Հայաստանի հակառակորդ երկրին։
Երևույթի շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ։
Վերջինս հիշեցրեց՝ Ղազախստանը Հայաստանի միակ դաշնակից երկիրը չէ, որ պատրաստակամ է զենք վաճառել ԼՂՀ հակամարտության կողմ հանդիսացող Ադրբեջանին։
«Հայկական կողմը պարտավոր է միջազգային հարթակներում բարձրացնել այս հարցը, դատապարտել, ինչպես արեց Ռուսաստանի դեպքում։ Անհրաժեշտ է շեշտել, որ ՀԱՊԿ անդամ երկրները սպառազինությունների մատակարարմամբ չպետք է զբաղվեն այն տարածաշրջանում, որտեղ առկա են հակամարտությունների կողմ հանդիսացող անդամ պետություններ։ Ղազախստանին պետք է հասկացնել, որ իր այս քայլն առնվազն անհասկանալի է»,- նկատեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Ղազախստանի կողմից հնարավոր արձագանքին՝ Ալեքսանդր Մարկարովը չբացառեց, որ այդ երկիրը զենքի մատակարարումը պատճառաբանի նախևառաջ բիզնես-համագործակցությամբ։