Պերմյակովին ՌԴ տեղափոխելու վերաբերյալ որևէ պայմանավորվածության մասին խոսք չկա. փոխնախարար
ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը, ներկայումս աշխատանքներ են կատարվում պատժի կրումն ապահովելու ուղղությամբ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Պերմյակովին ՌԴ տեղափոխելու վերաբերյալ:
Նա նաև ընդգծեց, որ որևէ պայմանավորվածության մասին խոսք չկա, իրենք ներկայումս աշխատում են դատավճիռն ի կատար ածելու ուղղությամբ. «Որևէ բանակցության մասին ներկայումս որևէ տեղեկատվություն չունենք»:
Արդարադատության փոխնախարարն ասաց, որ երկու վճիռ կա՝ Ռուսաստանի դատարանի կողմից կայացված (10 տարի ազատազրկում) և Հայաստանի (ցմահ ազատազրկում):
«Հիմա աշխատանքներ են տարվում այդ անձի պատժի կրումն ապահովելու ուղղությամբ, մոտակա ժամանակներում մենք տեղեկություն կտրամադրենք, ինչ ձևով է պատիժը կրելու»,- հավելեց նա:
Հարցին, թե հնարավո՞ր համարում եք, որ Պերմյակովը պատիժը կրի ՌԴ-ում, Ս. Քրմոյանն ասաց. «Որևէ հնարավորություն մասին չեմ կարող խոսել»:
Նշեք, որ Պերմյակովի դատավճիռն արդեն մտել է օրինական ուժի մեջ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 12-ին Պերմյակովը մտել էր Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկը և դաժանաբար սպանել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին: 2016թ. օգոստոսի 23-ի դատավճով Պերմյակովը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ, ու դատապարտվել ցմահ ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
- Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Պերմյակովի գործով տուժողների իրավահաջորդների բողոքը
- Վերաքննիչ դատարանը մերժել է Պերմյակովի գործով տուժողների բոլոր բողոքները
- Պերմյակովին իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով ակցիայի մասնակիցները արդարացվել են
- Փաստաբանը բողոքարկել է Պերմյակովի դատավճիռը
- Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը. Հարց՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Պերմյակովի պատիժը կրելու հարցը պետք է լուծվի կողմերի միջև պայմանագրերի հիման վրա. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան