Վահագնի թաղամասում բացվել է Հակոբ Հակոբյանի «Փյունիկ» քանդակը
Վահագնի թաղամասում բացվել է Հակոբ Հակոբյանի «Փյունիկ» քանդակը: «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի հաղորդմամբ, քանդակի վերակերտումը հայտնի արվեստագետ Համլետ Մատինյանի աշխատանքն է: Այն կյանքի է կոչվել Վահագնի թաղամասի բնակիչ Կարո Շահբազյանի պատվերով, ապա նվիրաբերվել թաղամասին:
Հայ մեծ նկարիչ, քանդակագործ Հակոբ Հակոբյանի մանրաքանդակի օրինակով ստեղծված «Փյունիկ» քանդակի պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ն.Գ. Ռիչարդ Միլսը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Վահագնի թաղամասի տնօրեն Նինա Հովնանյանը, քանդակի նվիրատու Կարո Շահբազյանը, թաղամասի բնակիչները և այլ հյուրեր:
Քանդակը պատկերում է առասպելական փյունիկ թռչունը շարժման մեջ՝ որպես կյանքի, փոխակերպման ու վերածննդի խորհրդանիշ: Հակոբ Հակոբյանի այս գլուխգործոցն արտացոլում է անհատի հաղթական ոգին, ապրելու ու ստեղծագործելու ազատությունը, ներքին ձգտումներն ու դրանք իրագործելու ուղին:
«Հակոբ Հակոբյանն իր քանդակները կենդանի էակներ էր համարում: Ինչպես նա էր ասում կյանքի օրոք՝ քանդակներն ապրում են ինչպես մարդիկ: Վստահ եմ՝ արվեստի այս գլուխգործոցը՝ ինչպես կենդանի էակ, ավելի ջերմ ու դրական հույզեր կփոխանցի մեր թաղամասի բնակիչներին ու հյուրերին: Վահագնի բնակելի թաղամասի բնակիչների և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում պրն. Շահբազյանին այս հրաշալի նվերի համար»,- արձանի բացմանն ասել է տիկին Հովնանյանը՝ նվիրատուին հանձնելով շնորհակալական ցուցանակը:
Քանդակի նախնական անունն է «Հավք», սակայն թաղամասի տնօրեն տիկին Հովնանյանն այն վերանվանել է «Փյունիկ»։