«Ելքը» խոստանում է Երևանում տարեկան 50 ավտոբուս հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրը Երևանում տրանսպորտի և շինությունների մատչելիության բացակայությունն է։ Ընդ որում, մատչելի միջավայրի խնդիր ունեն ոչ միայն սայլակներով տեղաշարժվող մարդիկ, այլ նաև լսողության և տեսողություն ունեցողները։ Այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Զառա Բաթոյանը՝ հիշեցնելով, որ մատչելի միջոցներ ասելով՝ չպետք է միայն թեքահարթակները հասկանալ։
«Թեքահարթակներ, այո, ինչ-որ տեղերում կառուցվում են, բայց քաղաքաշինական շատ միավորներում դրանք բացակայում են։ Նոր կառուցվող և հիմնանորոգվող շենքերում թեքահարթակներ չկան, կամ եթե կան, ապա այնպիսին են, որ անգամ չես համարձակվի մոտենալ, ուր մնաց՝ դրանց վրայով սայլակով տեղաշարժվել։ Հետաքրքիրն այն է, որ նորակառույց շենքերի շահագործման թույլտվությունը շատ անգամ տրվում է՝ առանց հաշմանդամություն ունեցող անձանց պահանջները հաշվի առնելու», - նկատեց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ինքն անձամբ բնակվում է նորակառույց բազմաբնակարան շենքում, որի դիմաց թեև թեքահարթակ կա, սակայն կոնկրետ պատշգամբի դուռն այնքան նեղ է, որ սայլակով այնտեղ դուրս գալ չի կարողանում։
Բանախոսն անթույլատրելի համարեց, որ Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել կառուցապատողին, ով լիովին չի պահպանել սահմանված նորմերը։ Ինչ վերաբերում է ավտոկայանատեղիներին, ապա դրանք, Բաթոյանի խոսքով, պետք է ավելի լայն լինեն՝ թույլ տալու հաշմանդամություն ունեցող անձանց հանգիստ կերպով սայլակով մոտենալ ավտոմեքենային։
Անդրադառնալով ներառական կրթություն ապահովող կրթօջախներին՝ Զարուհի Բաթոյանը շեշտեց, որ այդպիսի բոլոր դպրոցներում, հարթակներից բացի, պետք է կառուցվեն նաև վերելակներ։ Մանկապարտեզներում պետք է աշխատեն համապատասխան վերապատրաստում անցած մասնագետներ, ովքեր կկարողանան զբաղվել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ։
Վերջում ավագանու թեկնածուն ասաց, որ «Ելք»-ը նախատեսում է քաղաքային իշխանությունը ստանձնելու դեպքում յուրաքանչյուր տարի 50 ավտոբուս հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
«Ամեն տարի այս ուղղությամբ կխածսվի 200 միլիոն դրամ։ Մեր քայլերը հստակ հաշվարկված են, դրանք միայն կարգախոսներ չեն»,- ամփոփեց Զարուհի Բաթոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին