Մենք ձեռքներս ծալած չենք նստել, այս տարիների ընթացքում փորձ ենք ձեռք բերել. Տարոն Մարգարյան
Չորս տարի առաջ մենք ներկայացնում էինք «Ավելի լավ Երևան» ծրագիրը։ 4 տարիների ընթացքում մեր թիմի օրուգիշեր աշխատանքով ունեցանք ավելի լավ Երևան։ Բայց դա չի նշանակում, որ Երևանում անելիքներ չկան։ Դեռ բազում խնդիրներ մնացել են։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այսօր անցկացված քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Մենք ձեռքներս ծալած չենք նստել, այս տարիների ընթացքում փորձ ենք ձեռք բերել, այդ թվում՝ կայուն քաղաքային տրանսպորտ ունենալու հարցում։ Վստահեցնում եմ, որ մի քանի ամսից կտանք տրանսպորտի հետ կապված նոր ծրագրերի մեկնարկը, վերացնելու ենք «գծատեր» հասկացությունը»,- նշեց նա։
Երևանի գործող քաղաքապետն անդրադարձավ նաև բազմաբնակարանային շենքերի կառավարման խնդրին՝ մասնավորապես համատիրություններից եղած դժգոհության մասին:
«Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում օրենսդրական փոփոխություններ ենք կատարելու, ինչից հետո բնակֆոնդի պահպանումն ու համատիրությունների կառավարումն ավելի արդյունավետ կլինեն»,- հավաստիացրեց նա:
Անդրադառնալով զբոսաշրջության զարգացման թեմային՝ Տարոն Մարգարյանը նկատեց, որ Երևանում բազմաթիվ հրաշալի վայրեր կան, որոնք, սակայն, ըստ արժանվույն չեն ներկայացվում արտասահմանցի զբոսաշրջիկներին։
«Դա Էրեբունի թանգարանն է, դա Հաղթանակի զբոսայգին է, դա Կարմիր բլուրն է։ Մենք չենք եկել լոկ խոսքեր ասելու, մենք եկել ենք հաշվետու լինելու և խնդրելու երևանցիներին հնարավորություն տալ ծառայել իրենց»,- ասաց քաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյան. «Երևանցին ունենալու է ապահով տրանսպորտ»
- Մայիսի 14-ին վստահության քվե տվեք այն թիմին, որը տեղյակ է ձեր դարդուցավին. Տարոն Մարգարյան
- Տարոն Մարգարյան. Երևանում անելիքները շատ են