Մանուկ Սուքիասյանը ինքնաբացարկի մասին պարզաբանումներ կներկայացնի ավելի ուշ
«Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրված «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանն առայժմ չի ցանկանում պարզաբանել՝ ինչպես է ստացվել, որ իր անունը հայտնվել է ինքնաբացարկ հայտնածների ցուցակում։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա միայն ասաց, որ այդ թեմայի շուրջ պարզաբանումներ կներկայացնի ավելի ուշ։
«Հիմա հարցերի չեմ պատասխանում, մի փոքր ուշ կխոսեմ։ Հարցերի պատասխանները թող մնան հետո։ Այս պահին չեմ կարող ասել՝ երբ կխոսեմ, ես էլ կուզեմ՝ հնարավորինս շուտ»,- ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս պահին պարզաբանումներ չի ներկայացնում, քանի որ ճշտումներ է կատարում ԿԸՀ-ից կամ «Ծառուկյան» դաշինքից, Մանուկ Սուքիասյանը կրկնեց՝ ինքն ավելի ուշ կխոսի։
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի 100 հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:
Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են համապետական ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերից, ինչպես նաև տարածքային ընտրական ցուցակից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան