Վարչապետ. Անկախ ԵԱՏՄ ծրագրից, մենք այս քայլին գնալու էինք
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները, այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումներն ու քայլերը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նշվել է, որ ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների ղեկավարների ընդունած հայտարարության հիման վրա արդեն իսկ ստեղծվել է բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքները մայիսի 26-ին ներկայացվելու են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին:
Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում թվայնացման ուղղությամբ առաջնահերթությունների սահմանմանը, թվային զարգացման ռազմավարության իրականացման պատասխանատու կառույցների, ինստիտուտների ձևավորմանը, ԵԱՏՄ թվային օրակարգին, նպատակներին, հիմնական ուղղություններին, մինչև 2025 թվականն ակնկալվող թիրախային ցուցանիշներին և այլն:
Նշվել է, որ համաշխարհային տնտեսությունն այսօր գնում է թվայնացման ճանապարհով և անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ևս ներկայացնի իր «թվային այցեքարտը»: Վարչապետ Կարապետյանը կարևորել է կառավարման սուբյեկտի թվայնացումը բոլոր ոլորտներում և նշել, որ դա լավ խթան է բարձրացնելու կառավարման արդյունավետությունը:
«Սա չափազանց անհրաժեշտ է, անկախ ԵԱՏՄ ծրագրից, մենք այս քայլին գնալու էինք: Օրինակ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մենք համայնքի բյուջեն, աղբահանությունը, մյուս ծառայությունները թվայնացնելու դեպքում լուծելու ենք արդյունավետության բարձրացման բազմաթիվ խնդիրներ: Թվայնացումը բերելո՞ւ է լրացուցիչ բիզնեսների, կարողությունների ավելացման, իհարկե՝ այո: Թվայնացմամբ մենք միջոցներ ենք տնտեսելու, հասկանալու ենք, թե որքան համայնքային բյուջեներ են թերհավաքագրվում սխալ պլանավորման պատճառով, որքան դիսբալանս ունենք: Նույնը վերաբերում է մյուս ոլորտներին»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է իմանա թվայանացման իր օրակարգը:
Հաշվի առնելով Հայաստանի թվային զարգացման տեսլականը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվելու է Թվային զարգացմանն աջակցող ազգային կառավարման խորհուրդ: Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է խորհրդի կազմում ձևավորել աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի թվայնացման կառուցվածքն ու հետագա քայլերը: