Արամ Սարգսյան. Ադրբեջանական խնձորի գործով պետք է բացահայտվի մեղավորների ամբողջ շղթան
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով ադրբեջանական խնձորի՝ հայաստանյան շուկայում հայտնվելու վերաբերյալ մի շարք հարցեր էր ուղղել կառավարությանը, դեռ պատասխաններ չի ստացել:
Նա մտահոգված է պետական մարմինների իրականացրած ոչ պատշաճ վերահսկողությամբ՝ կարողացել են խնձորը Հայաստան բերել, ապա ազատորեն վաճառել:
Նրան չի բավարարել ՊԵԿ-ի հայտարարությունը քրեական գործ հարուցելու վերաբերյալ, համարում է, որ ամբողջ շղթան բացահայտված չէ:
«Սա դիվերսիա է: Պետք է հասկանալ, ո՞վ է բերել, ինչո՞ւ է բերել, ո՞նց է բերել, ո՞վ է պատժվելու, ինչո՞ւ մինչ այսօր չի ստուգվել դրա անվտանգությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:
Նա պատրաստվում է հետևողական լինել, նույնը կոչ է անում հասարակությանն ու լրատվամիջոցներին:
«Հասարակությունը ևս պետք է պահանջի, որ նման դեպքերն իսպառ վերացվեն: Ինձ ու հանրությանը հետաքրքում են մի շարք հարցեր՝ որքանո՞վ է վտանգավոր խնձորը, ո՞վ է բերել, եթե ՊԵԿ-ի մի քանի աշխատողներ կաշառք են վերցրել ու բաց են թողել, այդ դեպքում պետք է իմանալ ո՞վ կաշառք տվեց, շատ կարևոր է սա իմանալ»,-ասաց կուսակցության նախագահը:
Նրա կարծիքով, պետական մարմինները վախենում են բացահայտել, թե ով է կարողացել այդ խնձորը Հայաստան բերել, բերելուց հետո էլ ազատորեն վաճառքի հանել:
Արամ Սարգսյանին կառավարությունից դեռ չեն պատասխանել, թե որ լաբորատորիաներում է ստուգվել այդ ապրանքի որակը, եթե նման ստուգում չի եղել, ապա ու՞մ հրամանով և ինչու՞ է ոչնչացվում վաճառակետերում առկա խնձորը:
«Զարմանալին դա է, որովհետև հարցերը հրապարակելուց բացի մենք նամակն ուղարկել ենք կառավարության աշխատակազմին: Կառավարությունը պարտավոր է տալ այս հարցերի պատասխանը, քանի որ այն ամբողջ հասարակությանն է հուզում: Եթե այսպես շարունակվի, ապա ցանկացած ոք կարող է անել այն, ինչ ուզում է: Սրան զուգահեռ պետք է լինի հանրային ուժեղ վերահսկողություն»,-ասաց նա:
ՊԵԿ հայտարարությունից հետո էլ Արամ Սարգսյանը համարում է, որ ոչ բոլոր մեղավորներն են այս պահին ջրի երես դուրս եկել:
«Խնձորը տարածվել է ողջ հանրապետությունով մեկ: Այստեղ մի ամբողջ շղթա է, որը պետք է բացահայտվի՝ բերողն ո՞վ է, Հայաստան բերել թույլ տվողն ո՞վ է, ո՞վ է թույլ տվել, որ առանց սննդի որակի ստուգման վաճառվի: Այս շղթան ամբողջությամբ պետք է բացահայտվի: Հայտարարում են՝ թե կաշառք են վերցրել ու բաց թողել, բայց դա բավարար չէ, գլխավոր այլ հարցեր դեռ պատասխան չենք ստացել»,-ասաց Սարգսյանը:
Նա ուշադրություն է հրավիրում փաստին, որ խնձորը հայտնաբերել է սպառողը, բացի այդ պետական մարմնի ոչ բավարար հսկողության հետևանքով ադրբեջանական խնձորները դարձան ֆրանսիական, տեղական:
Կառավարության ուղղված նամակում նա հարցրել էր. «Ինչու՞ նշված փաստով դեռևս հարուցված չէ քրեական գործ, որով կբացահայտվի երևույթի ամբողջական պատկերը և պատասխանատվության կենթարկվեն բոլոր մեղավորները, առավել ևս, որ հայտարարություններից բխում է, որ խնձորի խմբաքանակը չի հարկվել և, փաստացի, հայտնաբերվել է պատահաբար՝ շարքային սպառողի կողմից»:
«Այս հարցերն անընդհատ բարձրաձայնելու ենք։ Մենք հետամուտ ենք լինելու խնդրին, հետևելու ենք պետական մարմինների քայլերին, ըստ այդմ էլ մենք որոշելու ենք ձեռնարկելիք քայլերը»,-ասաց Դեմկուսի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ. Ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
- ԱԱԾ.Ադրբեջանական խնձորի ներմուծումը Հայաստան, նախնական տվյալներով, ապօրինի է եղել. News.am
- «Ինչու՞ հայաստանյան շուկայում ադրբեջանական խնձոր վաճառելու փաստով հարուցված չէ քրգործ»
- ՍԱՊԾ պետը՝ Հայաստանում հայտնված ադրբեջանական խնձորների մասին
- Բաբկեն Պիպոյանը ադրբեջանական խնձորով ֆոկուս արեց
- Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել նաև մարզերում
- ՊԵԿ. Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ
- Մալաթիայի գյուղատնտեսական տոնավաճառում այսօր էլ ադրբեջանական խնձորներ են վաճառվում
- Ադրբեջանական խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել. ՍԱՊԾ-ն արձագանքում է
- Երևանյան խանութում այսօր էլ սպառողը ադրբեջանական խնձոր է տեսել
- Պիպոյան. Մինչ այս պահը թուրքական գյուղմթերքի ռիսկի գնահատում չի իրականացվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան