Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ներկայացնում են ուղերձն ամբողջությամբ։
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:
Ազատությունն ու մշակույթն այն երևույթներն են, որոնք անհնար է չափել և որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի, յուրաքանչյուր պետության ու հասարակության համար:
Լրատվական դաշտում ազատությունն ու մշակույթը գոյություն ունեն ոչ թե զուգահեռ, այլ միախառնված վիճակում: Եվ ցանկացած ոտնձգություն ազատ խոսքի հանդեպ ոտնձգություն է նաև մշակույթի հանդեպ, քանզի մամուլն ինքն էլ մշակույթ լինելով՝ նաև մշակույթ է ստեղծում: Միևնույն ժամանակ, ազատ խոսքը զենքով ու բռնությամբ ճնշելը նույնչափ անընդունելի ու անթույլատրելի է, որչափ այն որպես զենք ու բռնության գործիք օգտագործելը:
Ավելի քան քառորդ դար ձեր՝ լրագրողներիդ ստեղծագործական միտքն ու խոսքն այլևս ազատ են պարտադրանքից: Միակ պարտադրող ուժը ճշմարտությունն է, որն անհրաժեշտ է ոչ միայն լրատվական հասարակության մեջ: Իսկ ճշմարտությունը լիարժեք կարողանում է դրսևորվել այն միջավայրում, որտեղ հնարավոր է մտածել ու գործել անկաշկանդ և ազատ, որտեղ կան արժանապատվության սթափ զգացում և իրավիճակի անաչառ գնահատում: Այդպիսի մթնոլորտում է ծնվում այն լրատվությունը, որն աջակցում ու ծառայում է առողջ քաղաքացիական հասարակություն և քաղաքական դաշտ, ուժեղ պետություն և բարեկեցիկ հասարակություն ունենալուն, այն լրատվությունը, որին սպասում և հավատում է քաղաքացին:
Մամուլը գոյություն ունի ոչ թե սիրվելու համար, այլ որպեսզի արտացոլի ու փոխի մեզ՝ պետությանը, հասարակությանն ու քաղաքացիներիս, որպեսզի մեզ դարձնի ավելի լավը, որպեսզի մեզ սովորեցնի երկխոսել, համերաշխ լինել, ընդհանուր լեզու գտնել և գիտակցել թե՛ միմյանց արժեքը, թե՛ պետականության կարևորությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, առողջություն և խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին