Դրեզդենի նվագախումբը համերգով հանդես կգա ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը ծրագրել է համերգ տալ ԱՄՆ-ի և Մեքսիկայի հենց սահմանին՝ իր անհամաձայնությունը հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկու երկրի միջև պատ կառուցելու պլանին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է DPA գործակալոթյունը:
Համերգը նախատեսված է հունիսի 3-ին Բարեկամության զբոսայգում, որի մի մասը գտնվում է ամերիկյան Սան Դիեգոյի տարածքում, մյուս մասը՝ մեքսիկական Տիխուանա քաղաքի տարածքում:
«Մենք ուզում ենք հղել ազատության կոչ և մեր անհամաձայնությունը հենց մարդկանց գլխի վերևում պատ կառուցելու ծրագրին»,- ասել է գերմանական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:
Նա նշել է, որ նվագախումբը համերգի համար համացանցով հավաքել է 13 հազար եվրո, նվիրատվության մեծ մասը հենց ԱՄՆ քաղաքացիների կողմից է:
Հատուկ այդ համերգի համար գերմանացի կոմպոզիտոր Վիլանդ Ռայսմանը գրել է ստեղծագործություն՝ «Հարց պատասխանով»: Այն ենթադրում է անսովոր կատարում. գերմանական նվագախումբն իր մասը կատարելու է Մեքսիկայի տարածքում, իսկ հետո սպասելու է ամերիկյան կողմից պատասխանի:
Կազմակերպիչները հույս ունեն, որ համերգին կմիանան նաև ԱՄՆ-ից կոլեկտիվներ՝ տեղի սիրողական նվագախմբերն ու խմբերը, նաև մենակատարներ:
«Դա կլինի հզոր համերգ»,- ասել է նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:
Թրամփը հունվարի 25-ին հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ ավելի քան 3 հազար կմ երկարությամբ պատ կառուցելու մասին և հայտարարել, որ պատի կառուցման աշխատանքները կսկսվեն անմիջապես: Ամերիկացի առաջնորդը հայտարարել է նաև, որ շինարարության համար վճարելու է Մեքսիկան: Այդ երկրի նախագահն էլ ասել է, որ Մեքսիկան չի վճարելու: