«Սկզբում իմացել ենք եռյակ է լինելու, հետո որ իմացանք հնգյակ է, շոկի մեջ էի». հնգյակի մայր
Այսօր՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ և 1 տղա: Մասնագետների գնահատմամբ՝ սա բացառիկ դեպք է, քանի որ երեխաները ծնվել են բնական ճանապարհով։
Հնգյակի մայրը՝ 23-ամյա Լուսինե Պողոսյանն իրեն լավ է զգում: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա իր առաջին հղիությունն էր:
«Սկզբում իմացել ենք եռյակ է լինելու, հետո որ իմացանք հնգյակ է, շոկի մեջ էի: Վերջերս եմ դուրս եկել շոկից», - ասաց Լուսինեն:
Ծնողներն արդեն որոշել են երեխաների անունները՝ Արա, Աննա, Լիլիթ, Թեհմինե, Ռոզի:
Լուսինեն նշեց, որ մայրը, սկեսուրը և իր քույրերը կօգնեն խնամել երեխաներին:
Հնգյակի ծնողներն ասացին, որ ապրում ապրում են Մեծամորի հանրակացարանում՝ վարձակալած բնակարանում:
Երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը նշեց, որ հույս ունեն՝ պետությունն իրենց բնակարան կնվիրի:
Վ.Կարապետյանը հայտնեց, որ աշխատում է վարկային կազմակերպությունում՝ որպես գանձապահ:
Վարդանի մայրը՝ Ռոզա Մարուքյանն ասաց, որ ամուսնու գեներում զույգ երեխա ունեցողներ կան:
«Վարդանի հորաքույը երկու անգամ զույգ երեխա է ունեցել, բայց նման հրաշքն անսպասելի էր»,- նշեց հնգյակի տատիկը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանում է եղել, երբ տղան զանգել է աչքալուսանք տվել, որ տատիկի է դառնալու, իսկ որոշ ժամանակ անց հայտնել, որ եռյակ են ունենալու։
«Ես վերադարձա Հայաստան, հարսիս տարանք հիվանդանոց ու պարզվեց, որ ոչ թե երեքն են, այլ՝ հինգը: Իմ առաջին թոռնիկներն են»,- ժպտալով ասաց տիկին Ռոզան՝ հավելելով, որ իրենց սերն ու ջերմությունը բոլոր թոռիկներին էլ կհերիքի:
Հարակից հրապարակումներ`
- Մասնագետներն ամեն ինչ անում են այսօր ծնված հնգյակի կյանքը փրկելու համար
- Հնգյակի ընտանիքին կտրամադրվի 7.5 մլն դրամ