«Մարզպետն ասաց՝ դպրոցի մասին խոսել է վարչապետի հետ, սպասենք, տեսնենք». Աշտարակի դպրոցի տնօրեն
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր նախազգուշական մեկօրյա գործադուլ է կազմակերպվել, նպատակը՝ հիմնանորոգման և վերանորոգման խնդիրներին շուտափույթ լուծում տալն է։
Շուրջ 40 հոգի մանկավարժական անձնակազմ և 595 աշակերտ ունեցող դպրոցը անմխիթար վիճակում է, բացակայում են սանիտարահիգիենիկ պայմանները, դասասենյակների թիվը բավարար չէ, չկա մարզադահլիճ ու միջոցառումների դահլիճ։
Խնդիրների մասին մանկավարժական կոլետիվը բազմիցս բարձրաձայնել է, մինչ այսօր, սակայն պատկան մարմինները լուծումներ չեն առաջարկել։
Panorama.am-ը զրուցեց դպրոցի տնօրեն Գրիշա Գևորգյանի հետ։
«Այսօր մազպետի մոտից եմ եկել, ասաց՝ դպրոցի հետ կապված խոսել է վարչապետի հետ և հիմնանորոգման խնդիրը ներառվել է ծրագրում, իսկ թե երբ են նախատեսում սկսել, ժամկետներ չասացին, սպասենք տեսնենք»,-ասաց դպրոցի տնօրենը։
Նրա խոսքով՝ դպրոցի հարցը շատ ավելի շուրջ է. ոչ թե ուղղակի կոսմետիկ նորոգման կարիք կա, այլ հիմնանորոգման. «Տասը տարվա ընթացքում դպրոցի աշակերտների թիվը եռապատկվել է, իսկ պայմանները մնացել են նույնը։ Մասնաշենքը չի բավարարում երեխաների քանակին, դասասենյակները քիչ են։ Դասասենյակներում միջին խտությունը 28-ից ավելի է։ Այս տարի երկու առաջին դասարան ենք ունեցել՝ 36 և 37 աշակերտներով, իրավունք չունենք այդպիսի բան անել, պետք է երեք դասարան սարքեինք, բայց ստիպված ենք, դասասենյակ չունենք»։
Տնօրենը նշեց, որ եթե անգամ նոր մասնաշենք կառուցել հնարավոր չլինի, դպրոցն ունի վթարային մասնաշենք, դա կարելի է վերակառուցել, ամրացնել և այնտեղ նույնպես դասապրոցես անցկացնել։
Դպրոցը կառուցվել է 1962 թվականին, իսկ նորոգվել՝ 1989 թվականին։
«Վաղվանից դպրոցը կշարունակի աշխատել բնականոն հունով, սպասենք, տեսնենք ինչ արձագանքներ կլինեն»,-ավելացրեց Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվ. հիմնական դպրոցի տնօրենը։
Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը նախօրեին հերթական բաց նամակն էր ուղղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, որտեղ բարձրացված պահանջներից բացի տեղեկացրել էին այսօրվա նախազգուշական գործադուլի մասին։
Լուսանկարները՝ կցված են եղել բաց նամակին։
Հարակից հրապարակումներ`
- Գործադուլ՝ Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում
- «Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը հիմնանորոգման կարիք ունի». բաց նամակ ԿԳ նախարարին