Լրագրողներ առանց սահմանների. Ադրբեջանական մամուլը Իլհամ Ալիևի լիակատար վերահսկողության ներքո է
«Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպությունը կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ անկախ լրատվամիջոցների փակման առնչությամբ:
Ադրբեջանի իշխանությունները արդեն հինգ շաբաթ է արգելափակել են այդ երկրում ամենաազդեցիկ ընդդիմադիր կայքերի՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, «Մեյդան TV»-ի, «Ազադլիգ» թերթի, ինչպես նաև Azerbaijan Saati և «Թուրան TV» կայքերի գործունեությունը:
Վերջին օրենսդրական փոփոխությունները թույլ տվեցին Ադրբեջանի կառավարությանը, մասնավորապես՝ Կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությանը արգելափակել 5 լրատվամիջոցների գործունեությունը, և այժմ պահանջում է հիմնավորել այդ քայլը դատական կարգով: Ադրբեջանական իշխանությունները դիմել են Բաքվի Սաբաիլի շրջանային դատարան:
«Արգելափակելով առաջատար հինգ լրատվական կայքերը` Իլհամ Ալիևի կառավարությունը վերացնում է Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության վերջին նշույլները», - հայտարարում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:
«Իշխանության քննադատները շարունակում են հետապնդվել թե՛ համացանցում, թե՛ համացանցից դուրս` նույնիսկ գտնվելով տարագրության մեջ: Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի ադրբեջանական կառավարության անպատժելիությանը` պատասխանատվության ենթարկելով պաշտոնական Բաքվին Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի և ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին համաձայնագրի դրույթները շարունակաբար խախտելու համար», - նշում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը ներկայացուցիչները:
«Ազադլիգ» թերթը փակվեց 2016թ.-ին, իսկ խմբագիրը դատապարտվեց: Համանուն կայքի շատ աշխատակիցներ շտապեցին արտագաղթել երկրից, որպեսզի չարժանանան Ֆաիկ Ամիևրովի ճակատագրին:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիշեցրել է, որ 180 երկրների մեջ մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը զբաղեցնում է 162-րդ տեղը, իսկ նախագահ Ալիևը, որի գերակայությունները ամրագրվեցին վերջին հանրաքվեով, գտնվում է «Ազատ մամուլի նկատմամբ գիշատիչների» ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում