Հռոմում Օգոստոս կայսեր դամբարանը այցելությունների համար բացվելու է 2019 թվականին
Հին Հռոմի Օգոստոս կայսեր (մ.թ.ա 63-մ.թ. 14 թ) դամբարանը կրկին բացելու է իր դռները 2019 թվականին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Հռոմի քաղաքապետը՝ ներկայացնելով դամբարանի վերականգնման աշխատանքների առաջին էտապը:
Նախատեսված է վերականգնումն իրականացնել չորս փուլով, որն իր մեջ ներառում է ոչ միայն շինության ամրացում, որն ավելի քան 70 տարի լքված է, այլ նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծել հատուկ ծրագիր երկու հազար տարի առաջ կառուցված դամբարանի ներքին տեսքը վերականգնելու համար: Հռոմի իշխանությունները վերջապես կարողացել են գտնել գործընկեր, ով համաձայնվել է ֆինանսավորել աշխատանքների մի մասը:
Օգոստոս կայսրը իր մահից շատ առաջ է (մ.թ.ա 28 թ) պատվիրել կառուցել իր դամբարանը: Կառուցման համար չորս տարի է անհրաժեշտ եղել: Հռոմեական կայսերության անկումից հետո դամբարանին հետևող չի եղել: Միջնադարում կառույցը վերածվել էր ամրոցի: 18-րդ դարի կեսերին այն դարձել է ամֆիթատրոն և առաջին անգամ օգտագործվել է թատերականացված ներկայացումների համար:
19-րդ դարի վերջում այն դարձել է թատերական հայտնի հարթակ, որն անվանվել է Իտալիայի Ումբերտո թագավորի (1844-1900 թթ.) պատվին: Դամբարանի երաժշտական պատմությունն ավարտվել է Բենիտո Մուսոլինիի ժամանակներից (1883-1945 թթ.): Այդ ժամանակ դամբարանում իրականացվել է վերջին պեղումներն ու վերականգնումը: Այդ ժամանակվանից հուշարձանը փակ է: