Մանկավարժական համալսարանի ուսանողները ևս կմասնակցեն ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխությանը
«ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել տաղանդաշատ պատանիներին՝ տեղեկատվական հեռահաղորդակցությունը և տեխնոլոգիաները որպես մասնագիտություն ընտրելու համար»,- այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում 2017թվականի մրցանակների հավակնորդների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Նրա խոսքով՝ պետք է երիտասարդների մոտ ամրապնդել այն համոզմունքը, որ մեր երկրում իսկապես կան հաջողակ ընկերություններ, որտեղ ուսումն ավարտելուց հետո լավագույն որակներ, գիելիքներ ունենալու դեպքում կարող են ապահովվել բարձր աշխատավարձով աշխատանքով։
«Իհարկե շատերն ընտրում են կրթություն ստանալու իրենց ճանապարհը նաև արտերկրում, բայց կարծում եմ այստեղ վատ բան չկա, քանի որ նրանցից շատերը պոտենցիալ վերադարձողներ են։ Օրինակներ էլ ունենք, որ նույնիսկ եթե չեն վերադառնում, այստեղ մասնաճյուղեր են բացում, ստարտափեր են բացում, դրա մասին պետք է անպայման ասել, ոչ թե աղաղակել, մեր մոտ ուղեղների արտահոսք է»,-նշեց Հովիկ Մուսայելյանը։
Նշենք, որ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության 13-րդ տարին է, այս տարիների ընթացքում 408 հաղթող է եղել, սակայն գրան պրի տրվել է ընդամենը երեք անգամ։
Հանդիպման ընթացքում այս տարվա մրցույթի հավակնորդներին ներկայացվեց մրցանակաբաշխության առաքելությունը, մասնակցելու պայմանները, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող նոր պահանջներն ու ընտրության չափանիշները:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը ներկայացրեց նաև շնորհանդես՝ մրցույթի 13 տարվա հաջողված փորձի մասին:
Մուսայելյանի խոսքով՝ մրցույթի այս տարվա նորությունն այն է, որ առաջին անգամ մասնակցելու են նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները։
Հանդիպմանը ներկա էին մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՍՀ), Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵՏԱ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, ՀԱՊՀ -ի Երևանի ավագ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Այբ» ավագ դպրոցի աշակերտները:
Շնորհանդեսից հետո հարց ու պատասխանի ժամանակ ուսանողնեից մեկը հարց ուղղեց, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի դիմողը, որ արժանանա գրանտ պրիին, ինչին Հովիկ Մուսայելյանն պատասխանեց. «Առնավազն պետք է զարմացնի հանձնաժողովի անդամներին՝ իր աշխարհայացքով, մասնագիտական, կարողություներով, հետաքրքրություններով»:
Պարգևները շնորհվում են այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտություններից տարբեր օլիմպիադաներին և մրցույթներին, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և այլ տաղանդներ, ինչպես նաև ակտիվ են հասարակական կյանքում և ներգրավված են համայնքային կամավորական ծրագրերում:
2017թ. նախատեսված են հետևյալ անվանակարգերը՝
• Գլխավոր մրցանակ
• Լավագույն ասպիրանտ (I և II կարգեր)
• Լավագույն մագիստրանտ (I և II կարգեր)
• Լավագույն բակալավր (I և II կարգեր)
• Լավագույն սփյուռքահայ ուսանող
• Լավագույն աշակերտ (I և II կարգեր)
Անվանակարգերի հաղթողները որոշվում են ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի նախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը, ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) նախագահ Արմեն Բալդրյանը և ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը կպատասխանեն ներկաների հարցերին:
Մրցանակաբաշխության հարցազրույցները տեղի կունենան հունիսի 26-ից մինչև հունիսի 30-ը և հուլիսի 3-ից 4-ը, իսկ հաղթողները կպարգևատրվեն ՀՀ Նախագահի կողմից հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի նստավայրում: Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ, դրամական պարգև մինչև 1000 դոլարին համարժեք դրամ և հուշախորհրդանիշ:
Նախագահական կրթական պարգևի ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին