Փոստանջյանը խոստանում է քաղաքապետ ընտրվելու դեպքում շքեղ առանձնատանը չապրել
Ավանում, ճիշտ է կան մի քանի պուրակներ, որոնք դեկորատիվ, էսթետիկ առումով հաճելի են, բայց իրականում ողջ քաղաքը նույն վիճակի մեջ է։ Բակերը քանդված են, շքամուտքերը վերանորոգում են պահանջում։ 25 տարիների ընթացքում մայրաքաղաքում ոչինչ չի արվել, գումարները չեն ծախսվել ըստ նշանակության։ Այսօր Ավան վարչական շրջանում անցկացված քարոզարշավի ընթացքում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։
Մտնելով Ավանի Բաբաջանյան փողոց, «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Հայկ Պետրոսյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ նույն փողոցում գտնվող առանձնատան հասցեն անգամ հասարակ չէ։ Զույգ թվերով հասցեներից հետո աչքի է զարնվում Մարգարյանի առանձնատան՝ Բաբաջանյան 77/7 կենտ թվերով հասցեն։
Շարունակելով թիմակցին՝ Զարուհի Փոստանջյանը հավելեց, որ եկամուտների դիմաց ոչ համարժեք, թանկարժեք տուն ձեռք բերելը ցույց է տալիս՝ ինչպես են հանրային միջոցները վերածվել են նմանօրինակ դղյակների։
«Ափսոս, որ քաղաքապետը մտածում է միայն իր անձնական բարեկեցության մասին։ Աշխատավարձով հնարավոր չէ նման տուն ձեռք բերել։ Մենք պատրավոր ենք ցույց տալ, ուր են գնացել հանրային գումարները։ Ես խոստանում եմ Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում չապրել այսպիսի տներում։ Բարձրաստիճան պաշտոնյա լինելուս 10 տարիների ընթացքում իմ բնակարանը չի փոխվել։ Եթե շուրջդ 35 տոկոս աղքատություն է, դու չես կարող քեզ թույլ տալ շքեղ առանձնատանն ապրել»,- ասաց նա։
Քարոզարշավի ընթացքում Զարուհի Փոստանջյանին սատարում էր նրա դուստրերից՝ Լիլիթ Դրամփյանը, ով նշեց, Ֆրանսիայում շուտ ավարտելով քննությունները՝ որոշել է վերադառնալ Հայաստան և աջակցել մայրիկին։
«Եվրոպայում սովորող մյուս քույրիկս էլ պետք է միանար մեզ, սակայն քննությունների պատճառով չկարողացավ։ Բոլոր հարցերում սատարում ենք մայրիկին։ Երևանը կարիք ունի մաքուր ձեռքերի, մաքուր մարդու»,- ասաց նա՝ հավելելով, որ իր մայրը Երևանի քաղաքապետի լավագույն թեկնածուն է։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը եկել է ՀՀԿ-ին օգնելու. «Երկիր Ծիրանի»-ի ավագանու թեկնածու
- «Երկիր ծիրանի» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը
- «Երկիր Ծիրանին» մեկնարկեց քարոզարշավը
- «Երկիր Ծիրանի»-ի ընտրացուցակում ընդգրկվածների մեծ մասն անկուսակցական են