Վարչապետը՝ սուբսիդավորման նոր քաղաքականության մասին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց տնտեսության գերակա ոլորտներում պետության կողմից աջակցության վերաբերյալ:
«Բազմիցս բարձրաձայնել ենք տնտեսական գերակա ոլորտներում պետության կողմից նպատակային և արդյունավետ աջակցության տրամադրության մասին: Կարծում եմ` ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի աջակցություն: Մասնավորապես, առաջարկում ենք այդ ոլորտներում մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսների սուբիսավորման նոր քաղաքականություն»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքերով՝ դա կնպաստի տնտեսության արդյունավետության ու մրցունակության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողների աջակցմանը, և ամենակարևորը` նոր ու կայուն աշխատատեղերի ստեղծմանը:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց տնտեսական զարգացման, ֆինանսների, գյուղատնտեսության նախարարներին երկու շաբաթյա ժամկետում կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել բանկային տոկոսների սուբսիդավորման հստակ առաջարկություններ ըստ գերակա ոլորտների:
«Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք սկսում, երկու խոսքով ուզում եմ մեկնաբանել, մենք նման քննարկումներ իրականացրել ենք գյուղատնտեսության նախարարությունում կաթիլային ոռոգման, գյուտեխնիկայի լիզինգային սպասարկման վերաբերյալ : Թեթև արդյունաբերության ոլորտում եթե վարկ են վերցնում, մենք տրամադրված ենք երկու տարով սուբսիդավորել բանկային տոկոսները»,- ասաց Կարեն Կարապետյանը: