Ներդրումներն իրենք իրենց չեն գալու, պետք է կոմունիկացվես. Վարդան Արամյան
«6.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը փաստում է, որ ունենք տնտեսական աշխուժություն, իսկ այդպիսի տենդենցը, բնականաբար պահանջ ունի, որպեսզի ներդրումներ կատարեն: Դա նշանակում է` ամեն դեպքում վերջին ամիսներին պետք է որ ունեցած լինենք ներդրումների ոլորտում աշխուժացում»,- այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ Ազգային վիճակագրական ծառայությունը ներդրումների մասին տեղեկատվությունը կհրապարակի մայիսի վերջին:
Անդրադառնալով Վաշինգտոն կատարած այցին՝ Վարդան Արամյանը նշեց, որ հայկական կողմն այնտեղ մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանին: Նրա խոսքերով՝ ԱՄՀ-ն և ՀԲ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերներն են, բայց այդ, մեր երկիրը ՀԲ-ի հետ ունի ֆինանսավորման ծրագրեր տարբեր ոլորտներում:
«Նման հարթակները կարևոր են, որպեսզի հեղինակավոր կառույցների հետ հանդիպումների ընթացքում ներկայացնես երկրի տնտեսական քաղաքականությունը: Ներդրումներն իրենք իրենց չեն գալու: Այնպես չի լինելու, որ մենք մեր աշխատասենյակներում նստած, որևէ գործողություն անելով որևէ արտաքին ներդրողն իմանալու է այդ մասին: Նշանակում է` դու պետք է կոմունիկացվես»,- ընդգծեց ֆինանսների նախարարը: