Արման Սահակյանը հեռացվել է ՀՖՖ-ի Գործկոմի անդամների կազմից
Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել ՀՖՖ 15-րդ տարեկան ժողովը: Ժողովում նախորդ տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես է եկել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքի համաձայն, նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրել է ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Այնուհետև հրապարակվել է անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, որից հետո Ժողովի պատվիրակները քվեարկել են ֆինանսական հաջորդ տարվա բյուջեի հաստատման օգտին:
Ժողովի ընթացքում քննարկվել է ՀՖՖ Գործկոմի անդամ Արման Սահակյանին ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից հեռացնելու հարցը: ՀՖՖ կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև ՀՖՖ գործկոմի նիստերին և աշխատանքներին չմասնակցելու հիմքով Ժողովը որոշել է հեռացնել Արման Սահակյանին ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից: