Ադրբեջանը լրջագույն խնդիր կունենա, եթե պատերազմ սանձազերծի. Շիրակ Թորոսյան
Հայկական կողմը փորձում է կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերի ստանձնած պարտավորություններն ու կարգավորման սկզբունքները,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն՝ անդրադառնալով արցախյան հակամարտության բանակցային գործընթացին։
«Բուն բանակցություններ լինելու համար նախևառաջ պետք է այդ սկզբունքներն ապահովվեն, որ սահմանախախտները բացահայտվեն և մեղադրանքները հասցեավորված լինեն»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է պատերազմի հավանականության հարցին, պատգամավորը ասաց, որ պետք է ոչ թե քննարկել պատերազմի հավանականությունը մեծ է թե փոքր, այլ պետք է հանդես գալ բոլոր մեխանիզմները, կառուցակարգերն ապահովելու տեսանկյունից՝ մեր սահմանն անառիկ պահելու համար և դիվանագիտական, և ռազմական ոլորտում։
«Ապրիլյան ավանտյուրան ցույց տվեց, որ Ադրբեջանը ձախողեց, նա տվեց բազմակի ավելի զոհեր, մեծ քանակությամբ տեխնիկա կորցրեց և արդյունքում Մոսկվայի միջոցով խնդրեց հապճեպ զինադադար, որ ավելի մեծ զոհեր չունենա։ Սա խոսուն փաստ է այն մասին, որ Ադրբեջանը լրջագույն խնդիր կունենա, եթե պատերազմ սանձազերծի»,-հավելեց Շիրակ Թորոսյանը։