Ստեփանակերտում կկայանա «Իզաբել» կենտրոնի 25-ամյակին նվիրված մրցույթ-փառատոնը
Մայիսի 12-14-ին Ստեփանակերտում Արցախի մշակույթի նախարարության հետ համատեղ կկայանա շնորհալիների «Իզաբել» կենտրոնի 25-ամյակին նվիրված հանրապետական 12-րդ փառատոն-մրցույթը: Մրցույթի հայաստանյան մասը Երևանում անցկացվել է ապրիլի 20-23-ը:
Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իզաբել» կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարիետա Ավագյանը, մրցույթին կմասնակցեն 7-20 տարեկան պատանիներ՝ ներկայացնելով երգի, ասմունքի, կերպարվեստի բնագավառներում իրենց հմտությունները:
Ասուլիսին ներկա Փարաքարի արվեստի տնօրեն Ալմաստ Ավագյանն իր հերթին նշեց, որ երևանյան փառատոնում հանձնաժողովը բավական խիստ է դատել, սակայն դա չի խանգարել, որ բոլոր մասնակիցները մեծ հպարտությամբ և պատրաստակամությամբ մասնակցեն միջոցառմանը:
«Փառատոնի կազմկոմիտեի նախագահը եղել է օպերային մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Գրիգորյանը, կոմիտեի կազմում եղել է նաև Գեղարվեստի ակադեմիայի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Վահե Հակոբյանը: Փոքրիկ երգիչները գրավել էին բեմը, նրանց մեջ ապագա մեծ երաժիշտներ կան: Այս մրցույթը արդար է, այն բերում է արվեստի հետ սերտ կապերի ու աշակերտների միջև ընկերություն սերմանում»,- ասաց նա: