Շուշին ազատագրելու օրերին հասկանում էինք՝ մեռնելու իրավունք չունենք. ազատամարտիկ
Հանձնարարությունը շատ կարևոր էր, և Շուշին ազատագրելու գնացող տղաներին մարդիկ ճանապարհում էին արցունքոտ աչքերով: Բոլորը գիտեին, որ նրանցից շատերը կարող են հետ չվերադառնալ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Շուշիի ազատագրման օրերը վերհիշեց «Հայոց ազգային բանակ» հատուկ գնդի հրամանատար Սամվել Փափազյանը:
«Հանձնարարությունը մենք կատարեցինք փառքով: Մի քանի ժամ տևած ահեղ մարտերից հետո բազմաթիվ զոհեր ունեցանք: Շուշիի ազատագրման համար ընկած 56 տղաներից 27-ը մեր ջոկատից էին, ունեցանք 2 անհետ կորած: Մեզ վրա հարձակվեցին մեծաթիվ ազերիներ: Կամ պետք է բոլորս զոհվեինք, կամ հաղթեինք: Վերջում ես վիրավորվեցի, ազատագրված Շուշին տեսա մի քանի օր անց, երբ ոտքի կանգնեցի»,- պատմեց ազատամարտիկը:
«Գարդման» ջոկատի կոմիսար Կարեն Ներսիսյանն իր հերթին նշեց՝ երբ հայրենիքը վտանգված էր, թուրքը չէր պատկերացնում, որ իր առջև առյուծասիրտ հայ տղաներ են կանգնած՝ մահը մահով հաղթելու ընդունակ:
«Սատար հաշմանդամների» ՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյան էլ հիշեց՝ քանի որ Շուշիի ազատագրման օրերին կռվում էին բոլորովին այլ ուղղությամբ, ազերիներից են առաջինն իմացել, որ քաղաքն ազատագրված է:
«Մենք հասկանում էինք, որ մեռնելու իրավունք չունենք: Ինչպես մեր հրամանատարն էր ասում՝ մեռնելու հրաման չունենք»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա ազատամարտիկ Գայանե Բաղդասարյան. «Պատերազմի առաջին օրերին, երբ ռազմաճակատից առաջին վիրավորներին էին տեղափոխում, հիվանդանոցներում արյան պակաս կար, բայց մի քանի օր անց արդեն մարդկանց շարքը 8-րդ հիվանդանոցից հասնում էր Ռայկոմ: Բոլորը գալիս էին՝ արյուն հանձնելու»:
Ներկաները հետաքրքրվեցին՝ արդյոք ազատամարտիկներն այսօր իրենց գնահատված են զգում: Սամվել Փափազյանը նկատեց՝ խնդիրներ շատ կան, հույս ևս, որ մի օր ավելի լավ կյանքով կապրեն:
Մինչդեռ նրա կինը՝ ազատամարտիկ Գայանե Բաղդասարյանը զայրացավ. «Ազատամարտիկների մասին հիշում են միայն այս օրերին և մեկ էլ, երբ ազատամարտիկների կարիք կա: Այսօր նրանք շատ վատ վիճակում են, ազատամարտիկն այսօր ոչինչ չունի, պետության կողմից չհարգված վիճակում է: Առաջ մեր ձեռքերը համբուրում էին, հիմա ասում են՝ հիմար եք եղել, որ պատերազմի եք մասնակցել»: