Հայատյացություն ու ահաբեկչությունն Ադրբեջանի պետականաշինության հիմքն են. Բաբայան
«Հայատյացություն ու ահաբեկչությունն Ադրբեջանի պետականաշինության հիմքն են։ Կան որոշ հանգամանքներ, որոնք ավելի են խթանում ադրբեջանցիների նման պահվածքը։ Ադրբեջանում բավական յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել։ 2016-ին քառօրյա պատերազմ սանձազերծելով՝ այդ երկիրը ձախողվել է և որքան էլ մեծ գումարներ է ներդնում ռազմական ոլորտում, չի կարողանում փոխել ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Դրան գումարած՝ ալիևյան կլանի կողմից անվերահսկելի կոռուպցիան, նաև դե յուրե Ադրբեջանը սեփականաշնորհելը՝ ի դեմս Մեհրիբան Ալիևային այդ երկրի փոխնախագահ նշանակելու»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններին, թե հայերից և յուրայիններից կազմված հանցավոր խումբն, իբրև, պատրաստվում էր Բաքվում «ահաբեկչական» գործողություն իրականացնել։
Դ. Բաբայան խոսքով, սա, իհարկե, ստեղծում է բացասական տրամադրություններ, բողոքի մեծ շրջանակներ. «Ադրբեջանում, այդ թվում՝ ուժային կառույցներում քիչ չեն դժգոհ մարդիկ։ Որպեսզի վերջիններիս չեզոքացնի, Ալիևը նրանց մեղադրում է հակառակորդի, այսինքն՝ հայերի հետ կապերի մեջ։ Սա նրան թույլ է տալիս ոգին կորցրած հասարակությանը ոգևորել, լեգիտիմացնել իր բռնաճնշումները, մյուս կողմից՝ միջազգային հանրությանը ցույց տալ, որ պայքարում է հակառակորդի ագրեսիվ քայլերի դեմ»։
Հարցին՝ ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լինի պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, Արցախի նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց. «Հայկական կողմը չպետք է արձագանքի նմանօրինակ շինծու գործընթացներին։ Ադրբեջանցիներն իրականում պատասխանի չեն սպասում։ Միայն փորձում են սեփական հասարակության աչքում լեգիտիմացնել բռնաճնշումները»։
Հիշեցնենք, որ ըստ տեղեկատվության՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության համատեղ ջանքերով Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են զինծառայողների և քաղաքացիական անձանց խմբի, որոնք մեղադրվում են Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան