«Մենք հիմա նույնիսկ ՀՀԿ-ին մեզ մրցակից չենք համարում». Փաշինյան
«Այս պահին մեր ունեցած տեղեկությունը, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Ելքը» գտնվում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու եզրին և ներկայացրած նոր մեխանիզմը վերջին շտրիխն է, որն արձանագրելու է մեր վերջնական հաղթանակը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ այսօր դաշինքը իր նախընտրական ծրագրում նոր դրույթ է հավելել, ըստ որի ընտրվելու դեպքում փոփոխություններ են կատարելու Երևան քաղաքի բյուջեում և ներառելու են սոցիալական աջակցություն՝ ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիներին:
«Երևանի քաղաքացիներն են քաղաքային բյուջեի տերը և նրանք իրավունք ունեն որոշում կայացնելու, թե այդ բյուջեի մի մասը հատկապես ինչպես ծախսվի։ Հույս ունենք, որ իրենց քվեարկությամբ Երևանի ընտրողները մեզ կհանձնարարեն, որ մենք բյուջեի մի հատվածը ծախսենք հենց այդ նպատակների համար, վերացնելու և արմատախիլ անելու Հայաստանում ընտրակաշառքով քվեարկելու պրակտիկան»,-ասաց դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Թե որքան կարժենա այդ ծրագիրը բյուջեի վրա, նա նշեց, որ մոտավոր հաշվարկներով՝ խոսքը 3 միլիարդ դրամի մասին է. «Գումարը կգտնվի, քանի որ մենք չենք պատրաստվում Երևանը թալանել։ Մենք գումար չենք առաջարկում, քաղաքացիներին առաջարկում ենք ոչ թե ձեռք պարզել «մեծահոգի» ողորմությանը, այլ ասում ենք՝ դուք գումարի տերն եք և ընտրեք այնպիսի ավագանի կամ քաղաքապետ, որը ոչ թե կգողանա և փշրանքները կբաժանի, այլ կտա ձեր իսկ ունեցածը»:
Թեկնածուի գնահատմամբ՝ այս մեխանզիմը օրինական է և քաղաքացիներն իրավունք ունեն դրանից օգտվելու։
Էդմոն Մարուքյանն էլ հավելեց. «Եթե քաղաքացիները գնան ազատ արդար, թափանցիկ ընտրություն կատարեն՝ առանց ընտրակաշառքի գայթակղության, առանց ադմինիստրատիվ լծակների ճնշման, ապա այդ պարագայում անհնար է, որ իշխանությունը վերարտադրվի։ Հիմա պետական մակարդակով մեխանիզմ ենք մտածել և քաղաքացուն առաջարկում ենք ազատություն ընտրակաշառքից»։
Հարցին, թե ինչպես կգնահատեն մրցակիցների քարոզարշավային մեթոդները, «Ելք»-ի պատգամավորը պատասխանեց. «Յուրքանչյուր ուժ իր ռազմավարությունն ունի, գնահատելու կարիք չկա»։
Իսկ արդյոք շարունակում են իրենց մրցակից միայն ՀՀԿ-ին համարել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք հիմա նույնիսկ ՀՀԿ-ին մեզ մրցակից չենք համարում, այդ փոուլն անցել ենք։ Մենք հստակ գնում ենք քաղաքապետի ընտրություններում հաղթելու։ Այն արձագանքները, որ ստանում ենք մարդկանցից, մեզ տալիս է վստահություն, որ ունենք հաղթելու շատ-շատ մեծ հավանականություն։ Եվ եթե ընտրակաշառքների հակազդեցության մեր առաջարկը աշխատի, մենք հարյուր տոկոսով հաղթելու ենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին