Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ սահմանին պատ կառուցել
Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել նաև Իրանի հետ սահմանին: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուկքադիր Սելվին:
Ըստ նրա՝ այս քայլն արվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և դրա ենթակազմավորումների անդամ զինյալների ներթափանցումը կանխելու համար:
«Իրանի թուրքական սահմանին են գտնվում PKK-ի Մակու, Դմաբաթ, Նավուր, Քոթր, Քեներեշ, Շեհիդեն ճամբարները: Այդ ճամբարներում 800-1000 զինյալ կա: Դրանք ներթափանցում են Թուրքիա, տարբեր գործողություններ իրականացնում և հեռանում: Դա կանխելու նպատակով Աղրը-Իգդիր սահմանի 70 կմ. հատվածում պատ ենք կառուցում, մնացած հատվածը կառուցապատում աշտարակներով ու երկաթյա ցանցերով: Եվ ողջ սահմանը ծայրեիծայր լուսավորում ենք»,- գրում է հեղինակը:
Ավելի վաղ կրկին անվտանգության նկատառումներով թուրքական կողմը նախաձեռնել էր պատ կառուցել նաև Սիրիայի հետ սահմանի երկայնքով: 2017թ. ապրիլի դրությամբ կառուցապատվել է Հաթայից մինչև Շըրնաք ձգվող 911 կմ սահմանի ավելի քան 556 կմ հատվածը: Աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ: 3 Մետր բարձրություն, 2 մետր լայնք և 7 տոննա կշիռ ունեցող յուրաքանչյուր բլոկի վրա նաև 60սմ երկարությամբ սուր շեղբով երկաթյա ելուստներ կան, իսկ անհրաժեշտության դեպքում այդ բլոկներից յուրաքանչյուրը հնարավոր կլինի տեղահանել:
Ուշագրավ է նաև, որ Սիրիայի հետ սահմանին պատ կառուցելու գաղափարի հետ մամուլում տարածվել էր նաև այն տեղեկությունը, որ Սիրիայից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը պատրաստվում է անվտանգության պատ կառուցել նաև Իրանի և Հայաստանի հետ սահմանին (Արդահան, Կարս, Իգդիր):