Արմեն Մկրտչյան. Պետք է չեմպիոնին հաղթես, որպեսզի չեմպիոն դառնաս
ՀԱՕԿ լրատվականի հարցերին պատասխանել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որի գլխավորությամբ մեր ընտրանին Եվրոպայի առաջնությունում երեք բրոնզե մեդալ է նվաճել:
Հարց-Եվրոպայի առաջնությունը ձեր՝ որպես գլխավոր մարզչի, առաջին լուրջ փորձությունն էր պաշտոնական առաջնություններում: Մասնակցությունից գո՞հ եք:
Պատասխան-Իհարկե, գոհ եմ: Նախապատրաստության լավ շրջան անցանք՝ հավաքներ, մրցաշար: Ընդհանուր, թիմը լավ մարզավիճակում էր, պատրաստ պայքարի ու յուրաքանչյուրն իր չափով պայքարեց:
Հարց-Այս ամիսների ընթացքում, որ աշխատում եք հավաքականի հետ, ըմբիշների մեջ որակական աճ տեսնո՞ւմ եք:
Պատասխան-Անշուշտ: Արդյունքը դա ցույց տվեց: Վարպետության աճը բերեց մեդալներ: Այս ընթացքում բոլորի հետ աշխատել ենք հոգեբանության, ֆիզիկական պատրաստվածության, տեխնիկայի, տակտիկայի վրա, փորձել վերացնել յուրաքանչյուրի թերությունները և սխալները: Օրինակ, Վոլոդյա Ֆրանգուլյանը մեկ ամիս առաջ տուշեով պարտվել էր թուրք Աբդի Զուռնաչիին, իսկ արդեն Նովի Սադում բրոնզե մեդալի համար գոտեմարտում նույն Զուռնաչիին բացահայտ առավելությամբ հաղթեց` 10-0 հաշվով: Կամ, Գրիգոր Գրիգորյանը, որի գոտեմարտերի որակը զգալիորեն լավացել է: Կնշեի նաև Վահե Թամրազյանին: Նա, ճիշտ է, պարտվեց ադրբեջանցի աշխարհի չեմպիոնին, բայց իրեն լավ դրսևորելով ինձ զարմացրեց: Ինչպես ասում են, պարտվել էլ կա՝ պարտվել էլ: Վահեն, պարզապես ինքն իրեն չհավատաց: Մի փոքր կասկած ուներ մեջը: Դա փորձի պակասն է, որը նույնպես պետք է լրացնենք:
Հարց-Վիճակահանությունը ըմբիշների հոգեբանության ու մարտունակության վրա ազդո՞ւմ է:
Պատասխան-Կարող է: Հոգեբանությունը շատ կարևոր է մարզիկի համար: Ես հավաքներում փորձում եմ նրանց ներարկել այն համոզմունքը, որ չեմպիոն դառնալու համար պետք է հաղթել չեմպիոնին, իսկ այդ պարագայում վիճակահանությունը նշանակություն չունի, կարևոր չէ, թե ում հետ երբ ես գոտեմարտելու:
Հարց-Եվրոպայի այս առաջնությունում դուք մրցագորգի վրա տեսաք ձեր սաների առավելությունները և սխալները: Հիմա ի՞նչ եք անելու:
Պատասխան-Մի փոքր կհանգստանանք, իսկ հաջորդ հավաքներում կշարունակենք աշխատել կատարելագործվելու վրա: Ըմբշամարտում մանրուքներ չկան: Գորգում ամեն մի սխալ շարժումը, բռնվածքը կարող է վճռորոշ լինել: Նպատակս դրանք բացառելն է, կամ նվազագույնի հասցնելը: Մարզվելու, աշխատելու դեռ շատ տեղ կա: Պետք է վերլուծել յուրաքանչյուր ըմբիշի թերությունները, սխալները, դրանք վերացնել, կատարելագործվել, առաջ գնալ, որպեսզի արդյունքներում էլ առաջընթացը շարունակվի:
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի ԵԱ. Հունահռոմեական ըմբիշները Եվրոպայի առաջնությունում բավարարվել են մեկ բրոնզով
- Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է
- Ըմբշամարտի ԵԱ. Այսօր պայքարի մեջ կմտնեն Վլադիմիր Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը
- Ըմբշամարտի ԵԱ. Այսօր գորգ կմտնեն Նարեկ Սիրունյանն ու Գեորգի Կետոևը
- Ըմբշամարտի ԵԱ. Մեկնարկային օրը՝ Հայաստանն առանց մեդալի
- Ըմբշամարտի ԵԱ. Պայքարը կսկսեն Բարսեղյանը և Թամրազյանը