«Եվրատեսիլ- 2017»-ը կմեկնաբանեն Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր կկայանա «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո: Մրցույթին հնարավոր կլինի հետևել ժամը 23:00-ին Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի եթերում:
Մրցույթն այս տարի կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, իսկ հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:
«Եվրատեսիլ-2017»-ի բեմը կշռում է շուրջ 30 տոննա և զբաղեցնում է 350 ք.մ. տարածք: Այն կառուցելու համար ներգրավված է եղել շուրջ 800 մարդ: Մրցույթի շրջանակում կօգտագործվեն աննախադեպ քանակով ձայնային և լուսային սարքավորումներ:
Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները:
Հայկական ժառանգության բացառիկ նմուշները «Հայկական դրոշմազարդ կտավ» և «Հայկական զարդարվեստ» ձեռնարկներից են: Հին զարդանախշերի գեղարվեստական մշակումները բացառիկ իրավունքով տրամադրել է նշված ձեռնարկների հեղինակ Արմեն Քյուրքչյանը:
Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականցման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր եւ ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաև երեք բեք- վոկալիստներ:
Հարակից հրապարակումներ`
- Կիևում շուրջ 4 հազար ոստիկաններ կհսկեն «Եվրատեսիլի» փորձը
- Արծվիկը մասնակցել է «Եվրատեսիլ-2017»-ի պաշտոնական բացման արարողությանը
- «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները սպառնացել են ՌԴ-ին և Ուկրաինային պատժամիջոցներով
- Արծվիկի եվրատեսիլյան առաջին փորձը լավագույնն է ճանաչվել մրցույթը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների կողմից
- Արծվիկն եվրատեսիլյան բեմում ունեցել է իր առաջին փորձը
- «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ժյուրիի կազմը