Մարտակերտի արծիվներն իրենց հետ տարան իմ արցունքները. Կարեն Թորոսյանի հիշողությունները
Ապրիլյան պատերազմի մասին հիշողությունները մեկ տարի անց էլ ցավ են պատճառում Կարեն Թորոսյանին: Նա ամեն օր հիշում է Մարտակերտում զոհված ընկերներին, նրանց հերոսություններն ու ասում՝ ընկերներն ընկան, որ իրենք ապրեն. այդպես էլ լինելու է, շարունակելու են ապրել ու կատարել ընկերների կիսատ թողած գործը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Թորոսյանը պատմում է Մարտակերտի արծիվների՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի, լեյտենանտ Տիգրան Պողոսյանի մասին:
Կարեն Թորոսյանն ազգությամբ եզդի է, մտերիմ է եղել Քյարամ Սլոյանի հետ: Նրանք նույն օրը, նույն մեքենայով են գնացել զորամաս, ծառայել են նույն վաշտում:
Մասնագիտությամբ լուսանկարիչ Կարենը միշտ նկարել է բանակային ընկերներին: Քյարամ Սլոյանի հայտնի լուսանկարների հեղինակը ևս ինքն է:
Զրույցի ընթացքում Կարենն ասում է՝ հպարտ է, որ այդպիսի հերոս տղաների հետ է ծառայել, իսկ հետո անմիջապես պատմում է 2016 թվականի ապրիլի 1-ին դիրքեր բարձրանալու մասին:
«Ապրիլի 1-ը սովորական օր էր: Այդ օրը բարձրացանք դիրքեր։ Արմենակ Ուֆանյանը դիրքերը ստուգում էր, եկավ մեր դիրք ու ասաց, որ որոշակի հատվածներ փորենք, որպեսզի դիվերսիայի ժամանակ պատրաստ լինենք հարձակմանը: Ասացի՝ պարոն կապիտան, ես չփորեմ էլի, դեմբել եմ: Ձեռքը դրեց ուսիս ու ասաց, թե դու պիտի փորես, որ երկու տարվա ծառայությունդ ջուրը չընկնի»,- հիշում է Կարենն ու ավելացնում, թե երևի հրամանատարն ինչ-որ բան կանխազգում էր:
Երբ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվել է հարձակումը, այդ ժամանակ ռադիոկապով խոսել են Ուրֆանյանի հետ, բայց նա բարկացել է, հրահանգել է իրեն չխանգարեն. «Ասում էր մի խանգարեք, տեսնում եք պատերազմ է, իսկ դուք խանգարում եք»,- նշում է Կարենը ու հավելում, որ կապիտանը նահանջելու հրամանին չի ենթարկվել, քանի որ շատ լավ գիտեր, թե նահանջելուց հետո ինչ կարող էր լիներ:
«Երբ իմացանք, որ Ուրֆանյանը զոհվել է, մենք սկսեցինք կատաղած կռվել: Մենք վրեժ ունեինք լուծելու»,- նշում է Կարենը:
Նրա խոսքերով՝ կապիտանին բոլորն էլ սիրում էին, զինվորները նրա համար հոգի էին տալիս. «Հիանալի անձնավորություն էր, բոլորին հասնող, ինքը լավ ընկեր էր: Ուրֆանյանը նշանվելուց հետո երբ վերադարձավ զորամաս շատ ուրախ էր, այդ ժամանակ Ֆեյսբուքում նրան ընկերության հայտ ուղարկեցի ու անմիջապես ընդունեց: Ասացի՝ պարոն կապիտան չես ջղայնանա չէ, որ ընկերության հայտ եմ ուղարկել, պատասխանեց՝ չէ, ես սաղին էլ ընդունում եմ: Երբ հարցրեցի, թե նկար չունի, ինչի՞ համար է մտնում Ֆեյսբուք, ասաց՝ նշանածիս հետ եմ խոսում»:
Կարենը հիշում է, որ զրույցներից մեկի ժամանակ էլ Ուրֆանյանին ասել է, թե աշխարհի ամենալավ ու սիրուն տեղը Դուբայն է, իսկ նա հակադարձել է. «Թորոսյան էդպես չի, աշխարհի ամենալավ տեղն Արեշն ա»։
Հետո Կարեն Թորոսյանը ցույց է տալիս իր զինվորական գրքույկը, որտեղ Արմենակ Ուրֆանյանի ստորագրությունն է. «Ամեն անգամ հպարտությամբ եմ նայում այս ստորագրությանը, այն ինձ համար մասունքի նման մի բան է»:
Երբ պատմում է Ռոբերտ Աբաջյանի մասին, սկսում է ժպտալ: «Այնքան սիրուն աչքեր ուներ»,- ասում է Կարենն ու ավելացնում. «Պատերազմից մեկ օր առաջ Ռոբերտը միջանցքում կանգնել էր ու 2014թ-ի առաջին զորակոչի զինվորներին էր նայում, որոնք երկու ամիս հետո պետք է զորացրվեին: Մոտիկացա, ասացի, որ չմտածի, ութ ամսից էլ ինքն է զորացրվելու: Ռոբերտը պատասխանեց՝ Աստված տա»:
Հետո Կարենը սկսում է խոսել Անդրանիկ Զոհրաբյանի մասին. «Այդ օրը Անդոն ինձ չիպ տվեց ու խնդրեց, որ մի քանի երգեր գցեմ: Դիրքեր բարձրանալուց մեկ օր առաջ շփվել եմ թե Ուրֆանյանին, թե Քյարամի, թե Ռոբերտի, թե Անդրանիկի հետ: Հիմա երբ հիշում եմ, մեկ-մեկ մտածում եմ, թե երևի երազ էր, որ չորսով մի տեղում են եղել: Ուրֆանյանն ասում էր, որ զորացրվելուց հետո իրեն չմոռանանք, Քյարամն էլ խոսում էր տան վերանորոգման, իր հարսանիքի մասին: Միշտ ասում էր, որ իր հարսանիքը ես պիտի նկարեմ, բայց միաժամանակ շեշտում էր՝ չմոռանաս, որ միասին պոստ ենք պահել, հանկարծ փող չուզես»:
Ընկերների մասին խոսելիս Կարենն ասում է, որ չորս արծիվներն իրենց հետ տարան իր արցունքները...
Նա չի մոռացել նաև 5-րդ վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Տիգրան Պողոսյանին, որը զոհվել է 2016թ-ի ապրիլի 25-ին: «Նոր գնացել եմ զորամաս, այդ ժամանակ մոտեցա Տիգրան Պողոսյանին ու հարցրեց՝ախպերս, էստեղի աֆիցերները ոնց են ծառայում, ծիծաղեց: Ասաց՝ ապ, դու որ վաշտի՞ց ես, երբ իմացավ՝ խնդաց, թե ապ, կարգին աֆիցեր է քեզ ընկել, չմտածես, տոչնի ինձ նման: Զարմացա, ինձ սկզբից թվացել էր, որ զինվոր է, բայց փաստորեն ինքն էր իմ դասակի հրամանատարը: Ձեռքը երկարացրեց ու ասաց՝ արի գնանք կոֆե խմենք, համ էլ դասակիդ հրամանատարի հետ կծանոթանաս: Լեյտենանտը սև սուրճի սիրահար էր, իսկ Ուրֆանյանը նշանվելուց հետո ոչ խմում էր, ոչ ծխում»,- հիշում է Կարեն Թորոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան
- ՊԲ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը