Մարտիրոս Սարյանի արվեստը՝ Հայրենական պատերազմի տարիներին
Մ. Սարյանի տուն-թանգարանի Ղազարոս և Արաքսի Սարյանների անվան դահլիճում վաղը Աննա Մայիլյան երգարվեստի կենտրոնի մասնակցությամբ տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան: Տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգին կհնչեն հայ կոմպոզիտորների հայրենասիրական երգերի կատարումներ:
Ի դեպ, նշենք, որ պատերազմական թեման շատ հոգեհարազատ է եղել նկարիչ Մարտիրոս Սարյանին, քանի որ իր որդին ևս պատերազմի մասնակից է եղել: 1941-45 թվականներին Մարտիրոս Սարյանը շատ է աշխատել, «նկարչի զենքն էլ իր վրձինն է, մատիտը, ներկապնակը: Իր երկիրը նա պաշտպանում է իր արվեստով:
Մարտիրոս Սարյանը որդու՝Ղազարոսի հետ։ Ղազարոս Սարյանը Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է։Նա ծառայել է 7-րդ զենիթա-գնդացրային զորագնդում։ Պարգևատրվել է «Մարտական վաստակների համար» մեդալով, «Կարմիր աստղ» շքանշանով (աղբյուր՝ www.facebook.com/Sarianmuseum)։
«Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1941 – 1945) նկարիչը ստեղծագործական հարաբերական ազատություն ստացավ: Սարյանը ստեղծեց մշակույթի գործիչների սքանչելի դիմանկարների շարք (Գ. Աճառյան, Ի. Օրբելի, Ս. Մալխասյան, Ա. Խաչատրյան, Մ. Լոզինսկի, Ա. Էֆրոս): Իսկ նկարչի քաղաքացիական դիրքորոշումը հանդիսացավ այն փաստը, որ նրա կրտսեր որդին մեկնեց ռազմաճակատ: Չէ որ որոշվում էր նաև Հայաստանի ճակատագիրը:
Այդ տարիների ապրումները իրենց արտահայտությունն են գտել «Նկարչի կյանքից: Լուսիկ Սարյանի դիմանկարը» աշխատանքում, ինչպես նաև նշանավոր «Երեք հասակ: Ինքնադիմանկար»-ում:
Այս աշխատանքները նորարարական դարձան դիմանկարի ժանրում: Արևելյան գեղանկարչությանը բնորոշ տարաժամանակյա իրադարձությունների համադրման միջոցով նկարիչը բացահայտում է իր կերպարների ներքին ապրումներն ու հոգեբանական վիճակը: Այսպես, նկարչի կնոջ ձեռքին պատկերված պտուղը հայելում արտացոլվում է որպես որդուց սպասվող նամակ. վեց ամիս շարունակ ծնողները լուր չունեին Կիևում, առաջնային դիրքերում գտվող իրենց որդուց: Իսկ հարազատ՝ հազարամյա պատմություն ունեցող իր երկիրը, որը պետք էր պաշտպանել թշնամուց, նկարիչը համադրում է իր կյանքի պատմության հետ` ներկայացնելով այն երիտասարդ, միջին և ալեհեր տարիքների զուգակցմամբ: Նկարչի զենքն էլ իր վրձինն է, մատիտը, ներկապնակը: Իր երկիրը նա պաշտպանում է իր արվեստով:
Պատերազմի հաղթանակի և որդու վերադարձի կապակցությամբ Սարյանը ստեղծեց նատյուրմորտի ժանրում իր ամենամեծ կտավը՝ «Հայրենական Մեծ պատերազմի հայ մարտիկներին: Ծաղիկներ»»,- կարդում ենք Մ. Սարյանի տուն-թանգարանի կայքի «Կենսագրություն» բաժնում:
Նկարչի կյանքից: Լ.Սարյանի դիմանկարը (1941)
Ինքնադիմանկար: Երեք հասակ (1942)
Ծաղիկներ Հայրենական մեծ պատերազմի հայ մարտիկներին (1945)
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան