Եռատոնը մեզ համար բեկումնային նշանակություն ունի. Զարուհի Փոստանջյան
Այսօր ամբողջ հայ ազգը վայելում է հաղթանակի բերկրանքը։ Հաղթանակը մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, որովհետև այն վերադարձնում է հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։
«Եռատոնը մեզ համար բեկումնային նշանակություն ունի, որովհետև 25 տարի առաջ, երբ ազատագրեցինք Շուշին, դրանով սկսվեց մեր ազատագրական պայքարի կարևոր մի փուլ։ Չեմ կարծում, որ այս պահին այն լիարժեք է, բայց այնուամենայնիվ, այդ բեկումը մտցվեց։ Հազար տարի մենք անընդհատ կորցրել էինք։ Այստեղ հստակ շեշտը դրվեց այն բանի վրա, որ այլևս չենք կորցնելու և միայն ազատագրելու ենք»,- ասաց քաղաքապետի թեկնածուն։
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հայ ազգն անգնահատելի ավանդ է ունեցել նաև Հայրենական մեծ պատերազմում։
«Մեր ներդրումը հաղթանակի գործում հսկայածավալ է։ Մեր պապերը մասնակցել են մի պատերազմի, որը ընդդեմ ֆաշիզմի և բռնակալության էր։ Մենք ապացուցել ենք, որ լիարժեք տիրապետում ենք ռազմարվեստին և մենք ռազմի ժողովուրդ ենք»,- ասաց Երևանի քաղապետի թեկնածուն։
Հարցին՝ ինչ ակնկալիքներ ունի ընտրություններից, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց՝ «Երկիր ծիրանին» գնում է գրավելու Երևանի քաղաքապետարանը, ժողովրդին վերադարձնելու իշխանությունը, ամենօրյա աշխատանք և մայրաքաղաքում հսկայածավալ փոփոխություներ իրականացնելու։
Երևանի քաղաքապետի թեկնածուն չցանկացավ մեկնաբանել «Ելք»-ի նոր ռազմավարությանը՝ ընտրակաշառքով չքվեարկած անձանց Երևանի բյուջեից 15 հազարական դրամ տրամադրել։
«Որպեսզի Հայաստանում չլինեն սոցիալապես անապահով խավեր, պետք է վերացնել առկա արատավոր համակարգը։ 10-15 հազար դրամով մեր սոցիալական խնդիրները չեն լուծվելու, հետևապես ես սա ճիշտ և արդյունավետ լուծում չեմ համարում»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին