«Ելք»-ի հաղթանակից հետո Երևան քաղաքի բյուջեն կավելանա 30-40 միլիարդ դրամով. Նիկոլ Փաշինյան
Երևանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ «Ելք»-ի առաջարկած «15 հազար դրամների» սոցիալական աջակցության դրույթում անօրինական ոչինչ չկա։Նման տեսակետ վերջինս հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Արդյո՞ք իրավական առումով մենք որևէ խնդիր ունենք այս առաջարկի հետ: Այսինքն՝ արդյոք այն հակաօրինական որևէ տարր պարունակում է: Սրա պատասխանը միանշանակ բացասական է, այն 100 տոկոսով համապատասխանում է օրենսդրությանը»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն իրենց պարտքն են համարում ստեղծված ճգնաժամից լուծում առաջարկել՝ պատրաստ լինելով քննարկել նաև այդ խնդրի հետ կապված այլ մեխանիզմներ քննարկելու:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ «Ելք» դաշինքի հաղթանակից հետո Երևան քաղաքի բյուջեն կավելանա շուրջ 30-40 միլիարդ դրամով, իսկ իրենց առաջարկած ուղերձն ընդունած քաղաքացիները Երևան քաղաքում կձևավորեն արդյունավետ և ժողովրդական իշխանություն՝ կոռումպացված և կլանային իշխանության փոխարեն՝ նպաստելով Երևան քաղաքի բյուջեի ավելացմանը:
«Ընտրակաշառքով ընտրողների հնարավոր թիվը (եթե ընտրությանը մասնակցած բոլոր ընտրողները դիմում գրեն), եթե բազմապատկենք 15 հազար դրամով, ապա շուրջ 3 միլիարդ դրամ է կազմում, իսկ այդ 3 միլիարդ դրամը «Ելք»-ի խոստացած 30 միլիարդ լրացուցիչ մուտքերի ընդամենը 10 տոկոսն է»,- բացատրեց Ն. Փաշինյանը:
Քաղաքապետի թեկնածուն ընդգծեց, որ «Ելք»-ի փորձագետների գնահատմամբ՝ Երևան քաղաքում մոտավորապես 15 միլիարդ դրամի գույքահարկի թերագնահատում կա: Այսինքն՝ որևէ սուբյեկտ, որը գույքահարկ պետք է վճարի, օրինակ 1 մլն դրամ, վճարում է 40 հազար դրամ:
«Այդ թերագնահատումները շատ արագ կվերացվեն»,- խոստացավ Նիկոլ Փաշինյան։ Վերջինս թվարկեց բյուջեի մուտքերն ավելացնելու «Ելք» դաշինքի առաջարկած տարբերակները: Դրանից մեկը ծառայությունների մատուցման պայմանագրերում ուռճացված գների վրա վերահսկողություն սահմանելն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին