Համեմատության մեջ այսօր ունենք ավելի լավ Երևան. Տարոն Մարգարյան
«Համեմատության մեջ այսօր ունենք ավելի լավ Երևան։ Բայց դա չի նշանակում, որ մայրաքաղքում խնդիրներ չկան։ Դեռ բազում խնդիրներ մնացել են»,- Աջափնյակ վարչական շրջանում այսօր կայացած քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը։
«4 տարի առաջ, երբ ասում էինք, որ այս թաղամասում կլուծենք գազաֆիկացման խնդիրը, շատերը թերահավատորեն էին մոտենում։ Այսօր այս թաղամասում գազաֆիկացման խնդիրն ամբողջությամբ լուծված է։ Երբ ասում էինք, որ այգիներ ու պուրակներ ենք կառուցելու, թերահավատություն կար։ Բայց այսօր օր օրի տեսնում ենք կանաչող Երևան, օր օրի տեսնում ենք կանաչող Աջափնյակ վարչական շրջան։ Սա սրտացավ աշխատանքի արդյունք է»,- ասաց Տարոն Մարգարյանը։
Երևանի քաղաքապետը շեշտեց՝ երևանցիների բազմաթիվ խնդրանքներ ու դիտողություններ իրենք ներառել են սեփական նախընտրական ծրագրում։ Նրա խոսքով, սրտացավ ու աշխատեսեր թիմով լիարժեքորեն հնարավոր է կյանքի կոչել այդ ծրագիրը։
Անդրադառնալով բազմաբնակարան շենքերի կառավարման, բնակֆոնդի պահպանման և քաղաքային տրանսպորտի խնդիրներին՝ Տարոն Մարգարյանը շեշտեց՝ սրանք բոլորը գերակա են մնում։
«Մենք այս տարիների ընթացքում ձեռքներս ծալած չենք նստել, ուսումնասիրել ենք միջազգային փորձը։ Հիմա այդ փորձը կիրառելու ենք Երևանում։ Մոտ ժամանակներս խորհրդատուն կտրամադրի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի վերջնական լուծումը։ Սրանք խոստումներ չեն, մենք եկել ենք ներկայացնելու ավելի լավ Երևանի շարունակությունը։ Սա հավակնոտ և իրատեսական ծրագիր է»,- ասաց Երևանի քաղաքապետը՝ ընտրողներին հորդորելով մայիսի 14-ին վստահության քվե տալ քաղաքի դարդուցավը իմացող թիմին։