Փոստանջյանն անթույլատրելի արարք է որակում Փաշինյանի առաջարկը
«Գիտեք, ընտրակաշառքի դեմ մեկ այլ կաշառք առաջարկելն ուղղակի քրեորեն հետապնդելի արարք է: Սխալ է և անթույլատրելի, ասում են՝ կգանք իշխանության մենք ձեզ կաշառք կտանք»: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Երկիր ծիրանի» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով «Ելք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հրապարակած ծրագրային նոր դրույթի մասին հարցին:
«Չեմ կարծում, որ դա ճիշտ է, չեմ կիսում այդ կարծիքը, ընդհակառակը դատապարտում եմ, որովհետև մեր հանրային գումարները պետք է ծախսվեն նպատակային: Պետք է այդ գումարները ծախսվեն երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար, որպեսզի մարդիկ այդ գումարների կարիքը չունենան»,-ասաց Փոստանջյանը:
Նա նշեց, որ սոցիալապես անպահով քաղաքացիներին աջակցելու համար բյուջեում միջոցներ են նախատեսված, քաղաքացիների բարեկեցության համար զարգացման երկարաժամկետ ծրագրեր են հարկավոր, համակարգային փոփոխություններ:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին կայացած ասուլիսում դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Փոփոխություններ ենք կատարելու Երևան քաղաքի բյուջեում և ներառելու ենք սոցիալական աջակցություն ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիներին: Եթե համապատասխան դիմում ներկայացնեն և ասեն, որ իրենց ընտրակաշառք են առաջարկել, կստանան սոցիալական աջակցություն՝ 15 հազարի չափով»:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ նախագահը՝ «Ելք» դաշինքի ծրագրային նոր դրույթի մասին
- ԿԸՀ նախագահը վստահ է` նույնականացման քարտով կրկնաքվեարկությունը բացառվելու է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան