Գրիգոր Գրիգորյան. Բրոնզե մեդալով չեմ սահմանափակվելու
«Ամեն ինչ պետք է անեմ, որ բրոնզը դառնա ոսկի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը:
«Ընդհանուր մարզավիճակս շատ լավ էր և լավ պատրաստվել էի, որ կարողանամ հաղթել: Երկու շատ դժվար գոտեմարտ ունեցա վրացի և թուրք ըմբիշների հետ: Վրացու դեպքում շատ լարված էի, բայց նաև վստահ»,-ասել է նա:
Գրիգոր Գրիգորյանի խոսքով, թուրք ըմբիշի հետ մրցակցությանը հոգեբանորեն տրամադրվել էր.
«Բայց չկարողացա հաղթել, ինչ-որ տեղ չստացվեց, երեւի նա ինձանից լավ էր պատրաստված: Բայց ես բրոնզով չեմ սահմանափակվելու»:
Ասուլիսի մյուս բանախոս Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը նշեց, որ տակտիկապես մի փոքր սխալվել է:
«Մասնակցում էինք հաղթելու համար: Բայց բրոնզն էլ է ուրախալի, քանի որ երկար ժամանակ չէր հաջողվում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել: Այդ առիթով շատ ուրախ եմ իմ և տղաների համար»,-ասաց Ֆրանգուլյանը:
Մեդալակիր մարզիկն ասաց, առաջնությանը լավ էր պատրաստվել, ճանաչում էր բոլոր մրցակիցներին:
«Գիտեի` իմ քաշային կարգում չկա այնպիսի ըմբիշ, որին չկարողանամ հաղթել: Նույն սկզբունքով գոտեմարտում էի: Սակայն, կիսաեզրափակիչ փուլը չստացվեց ռուս ըմբիշի հետ և երկրորդ անգամ չկարողացա հաղթել նրան: Գոտեմարտելու ընթացքում ես զգում եմ, որ կարող եմ ավելին, բայց այս անգամ տակտիկապես մի փոքր սխալվեցի: Հավաքների ընթացքում կշտկեմ, իսկ արդյունքը ցույց կտա աշխարհի առաջնությունը»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մկրտչյան. Պետք է չեմպիոնին հաղթես, որպեսզի չեմպիոն դառնաս
- Ըմբշամարտի ԵԱ. Հունահռոմեական ըմբիշները Եվրոպայի առաջնությունում բավարարվել են մեկ բրոնզով
- Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է
- Ըմբշամարտի ԵԱ. Այսօր պայքարի մեջ կմտնեն Վլադիմիր Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը
- Ըմբշամարտի ԵԱ. Այսօր գորգ կմտնեն Նարեկ Սիրունյանն ու Գեորգի Կետոևը
- Ըմբշամարտի ԵԱ. Մեկնարկային օրը՝ Հայաստանն առանց մեդալի