Երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017թ. մայիսի 11-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվի երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի և Գր. Լուսավորիչի փողոցի լուսացույցների վրա կվերականգնվեն լուսացուցային աջ սեկցիաները և Արշակունյաց պողոտայից դեպի Ագաթանգեղոսի փողոց ու Գր. Լուսավորիչի փողոցից դեպի Արշակունյաց պողոտա տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկարգավորվի սեկցիաներով, որոնք նշված ուղղություններով երթևեկությունը կթույլատրեն որոշակի կարճատև ընդհատումներով՝ ոչ անընդհատ՝ ինչպես նախկինում:
Միաժամանակ՝ Արշակունյաց պողոտայի 1-ին և 2-րդ գոտիները կառանձնացվեն միայն դեպի Ագաթանգեղոսի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ 3-րդ, 4-րդ ու 5-րդ գոտիները՝ միայն դեպի Գր. Լուսավորիչի փողոց երթևեկողների համար: Գր. Լուսավորիչի փողոցի 1-ին և 2-րդ գոտիները կառանձնացվեն միայն դեպի Արշակունյաց պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ 3-րդ և 4-րդ գոտիները՝ միայն դեպի Ագաթանգեղոսի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների համար: