Ֆրանսահայ կինոռեժիսորը նպատակ ունի Արցախում ֆիլմ նկարահանել
Այսօր Արցախի պետական համալսարանում է տեղի է ունեցել հանդիպում ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանի հետ: Վերջինիս ընտանիքը ևս վերապրել է Ցեղասպանության ծանր օրերը:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, հանդիպմանը ցուցադրվել է Ռոբերտ Քեշիշյանի «Արամ» ամերիկա-ֆրանսիական համատեղ ֆիլմի արցախյան առաջնախաղը, որը պատմում է հայ տղայի ընտանեկան ողբերգության մասին. այն նկարահանվել է 2002 թվականին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռ. Քեշիշյանն ասել է, որ «Արամ» ֆիլմը ցուցադրվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Ամերիկայում, Կանադայում, Մեքսիկայում, Տորոնտոյում և շատ այլ երկրներում:
«Ճանաչողական այցով եմ Արցախում: Լսելով անցած տարվա ապրիլյան պատերազմի մասին՝ ես ցանկացա լինել Արցախում ու ծանոթանալ այս երկրին և այստեղի մարդկանց: Անցած տարի Ֆրանսիայում մենք բողոքի ակցիաներ ենք կազմակերպել և դրանով փորձել ենք ինչ-որ կերպ օգնել մեր հայրենակիցներին: Ես Արցախում ինձ շատ լավ եմ զգում, բավականին տպավորված եմ: Մարդկանց հետ շփվել ու զգացել եմ արցախցիների մարդկային ջերմ ու բարի վերաբերմունքը: Հպարտ եմ, որ Արցախում տեսնում եմ գրագետ ու բանիմաց երիտասարդներ: Նպատակ ունեմ նոր ֆիլմ նկարահանել Արցախում»,- մասնավորապես ասել է Ռ. Քեշիշյանը: