Թեհրանն արձագանքել է Թուրքիայի կողմից Իրանի սահմանին պատ կառուցելուն
Թեհրանն արձագանքել է Թուրքիայի կողմից Իրանի սահմանին պատի կառուցմանը,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, օրերս թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ սահմանին պատ կառուցել:
Իրանի ԱԳՆ-ի դիվանագետներից մեկը «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացրել է, որ Անկարայի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ Թեհրանում տեղյակ են:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը տեղյակ է թուրք-իրանական սահմանում կառուցվող պատի մասին: Թուրքիան կարծես թե անվտանգության նկատառումներից ելնելով նմանատիպ միջոցառումներ է իրականացնում, սակայն միջազգային օրենքների համաձայն՝ եթե Թուրքիան Իրանի հետ ընդհանուր սահմանում ցանկանում է որոշ գործողություններ իրականացնի, ապա Իրանը ևս պետք է տեղյակ լինի»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:
«BBC» լրատվական գործակալության իրանական ծառայության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ պատի կառուցմամբ՝ հնարավոր կլինի կանխել՝ Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումն Իրան: