ԿԸՀ նախագահը՝ «Ելք» դաշինքի ծրագրային նոր դրույթի մասին
«Ցանկացած պարագայում պետք է յուրաքանչյուր նման արտահայտություն անելիս դրսևորել բավարար զգուշավորություն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի կողմից ներդրված նոր ռազմավարության մասին՝ ընտրակաշառքով չքվեարկած անձանց Երևանի բյուջեից 15 հազար դրամ տրամադրել և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ հայտարարությունն իր մեջ կոռուպցիոն տարրեր չէր պարունակում, կարելի՞ է այն ընտրակաշառքի առաջարկ դիտարկել:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին կայացած ասուլիսում դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Փոփոխություններ ենք կատարելու Երևան քաղաքի բյուջեում և ներառելու ենք սոցիալական աջակցություն ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիներին: Եթե համապատասխան դիմում ներկայացնեն և ասեն, որ իրենց ընտրակաշառք են առաջարկել, կստանան սոցիալական աջակցություն՝ 15 հազարի չափով»:
Տ. Մուկուչյանի խոսքով, նախ քաղաքական ուժերը պետք է զերծ մնան նման առաջարկներից, բացի այդ հանրության կողմից ընտրակաշառքը որպես երևույթ պետք է լինի մերժելի:
«Ոչ թե պետք է խոսել այն վերցնելու, հետագայում ինչ-ինչ եղանակներով խուսափելու և այլնի մասին, այլ պետք է բացառապես առաջին շեշտադրումն արվի, որ այդ երևույթը պետք է ճանաչվի, համարվի մերժելի, հասարակությունը սկսի ձերբազատվել այդ երևույթից, հիշի, որ քրեական հանցագործություն է, դրա մասին իմանալու պարագայում անհրաժեշտ է անմիջապես իրազեկել իրավապահ մարմիններին»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Նա նաև հիշեցրեց, որ ընտրակաշառքի դեմ պայքարի հետ կապված Քրեական օրենսգիրքն ունի խրախուսական նորմ, որ եթե անձը վերցնելուց հետո սահմանված ժամկետներում դիմում է իրավապահներին, ազատվում է քրեական պատասխանատվությունից:
«Կարևոր է, որպեսզի շեշտադրումն արվի՝ ինչպես ցանկացած հանցագործություն, այնպես էլ այդ հանցագործությունը միանշանակ մերժելի պետք է լինի հասարակության կողմից»,- հավելեց Տիգրան Մուկուչյանը:
Հարակից հրապարակումներ`
- 15 հազար դրամները ստացվելու են Սամվել Ալեքսանյանի վճարած գույքահարկից. Նիկոլ Փաշինյան
- «Ելք» դաշինքի ծրագրային նոր դրույթը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին