
Քարոզարշավն անցնում է բավականին կոռեկտ. Տ.Մուկուչյան
«Քարոզարշավի ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ բավականին կոռեկտ, Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխանող քարոզարշավ է ընթանում ընտրություններին մասնակից բոլոր երեք քաղաքական ուժի կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա գնահատմամբ, քարոզարշավը բավականին հանգիստ է անցնում:
«Հետևելով քարոզարշավին, նաև լրատվության միջոցներով, կարծում եմ՝ ավագանու ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժն էլ քարոզարշավի ընթացքում հնարավորություն ունեն լիարժեք ծավալով օգտվելու բոլոր հնարավորություններից իրենց ասելիքը, ծրագրերն ընտրողներին ներկայացնելու համար»,- նշեց Տ. Մուկուչյանը:
Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինք, «Երկիր Ծիրանի» կուսակցություն, «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն: Ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին: