Թուրքիայում վերջին 5 տարում 451 բանտարկյալ է մահացել
Թուրքիայի արդարադատության նախարարությունը, ընդդիմադիր պատգամավոր Գամզե Աքքուշի հարցմանն ի պատասխան, երկրի բանտերում գտնվող վատառողջ դատապարտյալների վերաբերյալ տեղեկություն է տրամադրել, որում ուշագրավ տվյալներ են տեղ գտել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» շաբաթաթերթը, հիմնվելով նախարարության տրամադրած տվյալների վրա, հայտնում է, որ Թուրքիայի բանտերում ներկայումս 841 վատառողջ բանտարկյալ սպասում է ազատման հրամանի, իսկ 1086 բանտարկյալ, որոնք նույնպես ունեն առողջական լուրջ խնդիրներ, անտեսված վիճակում են և ոչ մի բան չի արվում նրանց կյանքը փրկելու համար:
Բացի այդ, ըստ պարբերականի վերջին 5 տարում, 451 բանտարկյալ, որոնք չնայած ծանր առողջական վիճակին ազատ չեն արձակվել, և հետևաբար մահացել բանտում: Ի դեպ, նախարարության տվյալներով, ամենաշատ մահացությունը գրանցվել է 2016 թվականին: