Օձունի տաճարի վերականգնման ներկա փուլը կավարտվի հոկտեմբերին
Մեկնարկել է Հայաստանի հյուսիսում Լոռու մարզի Օձուն գյուղի VI դ. Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման նոր փուլը: Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի կողմից հաստատված նախագծի համաձայն: Բացառիկ տաճարի վերածննդի նախաձեռնությունը պատկանում է ֆինանսավորման կազմակերպիչ Մովսես Ձավարյանին:
Ինչպես տեղեկացնում է վերականգնումն իրականացնող «ԼևԳուկ» ընկերության ղեկավար Լևիկ Ղուկասյանը, նախատեսված է վերականգնել եկեղեցու արտաքին բաց սրահների բոլոր 18 կամարները, որոնք քանդվել էին անցած դարի 90-ական թվականներին, սալարկել սրահների հատակները, վերականգնել պատերը և քիվերը: Բոլոր պատուհաններին կտեղադրվեն նոր փայտե շրջանակներ և քարե լուսամուտագոգեր՝ պատրաստված հնագույն նախատիպերի օրինակով:
Վերականգնողները ձեռք են բերել ներարկման արդյունավետ նյութեր` ներթափանցման և ամրացման բացառիկ հատկություններով, որոնց միջոցով, առանց մեխանիկական միջամտության, պատերը կամրացվեն ներսի դատարկությունները ներարկելու և երեսպատման քարերի կարանները լցնելու շնորհիվ: «Դա հնագույն շինությունները «բուժելու» ամենակատարյալ եղանակն է», - նշել է Լ. Ղուկասյանը:
Նրա խոսքերով, տաճարի շուրջը նախատեսվում է կառուցել ջրահավաքման և ջրահեռացման համակարգ: Այս աշխատանքները կիրականացվեն նոր նախագծի համաձայն, որը մշակվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից:
«ԼևԳուկի» ղեկավարը հավաստիացրել է, որ Օձունի տաճարի վերականգնման ներկա փուլը կավարտվի ընթացիկ տարվա հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ Օձունի Սբ. Աստվածածնի վերականգնման նախորդ՝ առավել մասշտաբային փուլն ընթացել է երեք տարի և հաջողությամբ ավարտվել 2014 թ.: Վերականգնվեց գմբեթն իր նախնական տեսքով և խաչով հանդերձ, հիմնովին ամրացվեցին պատերը: Այս աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվեցին VI դ. զարդանախշերի դրվագներ և կղմինդրի նմուշեր: Մասնագետների կարծիքով, վաղմիջնադարյան հայոց ճարտարապետության գլուխգործոցն այսպիսով փրկվեց հնարավոր ավերումից:
Հարակից հրապարակումներ`
- Մշակույթի նախարարություն. Օձունի գյուղապետը լարվածություն է ստեղծում հուշարձանի շուրջ
- Հանրությունն անհանգստանում է նախօրոք, թե ինչպես է Օձունի եկեղեցին վերակառուցվում
- Գեղանկարիչներն աջակցում են Օձունի եկեղեցու վերականգնմանը
- «Օձունի տաճարը վերականգնվելու և ամրակայվելու է այն տեսքով, ինչպես որ հասել է մեզ». Քննարկման արդյունքը
- Կքննարկվեն Օձունի տաճարի վերականգնման աշխատանքների նախագծային տարբերակները. Հրավիրվում են մասնագետներ
- «Օձունի վանքի վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան