Գրականագետը դեմ է լեզվի տեսչության լուծարմանը
Երկրի ղեկավարման ճիշտ և լավ ձևն այն է, երբ մեկը դարձնում ես երկու, երկուսը՝ չորս: Բայց երբ երկուսը դարձնում ես մեկ՝ նվազեցնելով սահմանը՝ դառնում է անհեռանկար քաղաքականության մասնակից: Մեր մեջ շագրենի կաշվի հոգեբանություն է մտել: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով լեզվի պետական տեսչության լուծարմանը:
«Կրճատելը, փակելը սեղմելը ստիպում են, որ մարդը փախչի երկրից: Ժամանակին լեզուն շարժման մեջ էր, բառեր էին ստեղծվում, իսկ հիմա ուզում են փակել լեզվի տեսչությունը: Այն պետք է աշխատի, ավելին՝ լավ աշխատի: Սա մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի հարցն է: Արևելահայերենը նորմավորված է, իսկ եթե լեզվի տեսչությունը փակվի, արևմտահայերենի նորմավորումը որտե՞ղ պետք է կատարվի»,- հարց հնչեցրեց բանախոսը՝ նշելով, որ լեզվի տեսչությունը փակելը վտանգավոր ու անհեռանկար է:
Դավիթ Գասպարյանը տեսակետ հայտնեց՝ կառույցը, հավանաբար, լավ չի աշխատել, որ ուզում են փակել:
«Ձեռքներդ հեռու հայոց լեզվից, առանց լեզվի երկիրը դադարում է երկիր լինելուց»,- ընդգծեց բանախոսը:
Ասուլիսին ներկա գրող Սուսաննա Հարությունյանն իր հերթին նշեց՝ լեզվի տեսչությունը փակելը մտավորականությանը դեմ քայլ է:
«Տեսչությունը, սակայն, չի պայքարում այս որոշման դեմ: Մեր չինովնիկներն այսօր ձգտում են ստեղծել իրենց արժանի մտավորականություն: Ամեն ինչ արվում է՝ գյուղական համայնքների կրթօջախները միավորելու, մանկավարժներին անգործ թողնելու և մտավորականներին անասնապահ դարձնելու համար: Լեզվին հարվածել, նշանակում է հարվածել պետությանը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան