Հայկական օրգանական արտադրանքի առաջին բեռնատարն ուղևորվել է ԱՄԷ
Այսօր Հայաստանում օրգանական և բնական միրգ-բանջարեղենից պատրաստված պահածոներով, մուրաբաներով և հյութերով բարձված բեռնատարն ուղևորվեց դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 5+ -աստղանի հյուրանոցներին մատակարարելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարարության ,ա,ուլի ծառայությունից։
Պայմանագիրը «Թամարա Ֆրութ» և «Al Falaj» ընկերությունների միջև կնքվել է «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի ընթացքում։ Արաբական գործընկերն արդեն 15 կոնտեյներ հայկական օրգանական և բնական արտադրանք է պատվիրել։ Հայկական արտադրանքն արաբական երկրների հյուրանոցներում կտարածվի NOHF (Natural organic healthy food- բնական, օրգանական, առողջ սնունդ) մակնշմամբ:
Այսօր Հայաստանի զարգացման հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Ամեն Ավակ Ավակյանը, Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը և ՀՀ ՏԶՆ նախարարության Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանն այցելել են «Թամարա Ֆրութի» պահեստներ, հետևել արտահանման ընթացքին, գործարարի հետ քննարկել հնարավոր խնդիրներն ու աջակցման նոր ծրագրեր։
«Հիմնադրամը շարունակելու է գործունեությունն արտահանման զարգացման ուղղությամբ, քանի որ արտահանումը Հայաստանի տնտեսության լոկոմոտիվներից մեկն է»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«Համագործակցությանը էապես նպաստեց մարտին 22-ին Աբու Դաբիի ներդրումային համաժողովը՝ ՀՀ նախագահի մասնակցությամբ։ Այն բավականին արագացրեց գործընթացը։ Մարդիկ հավատացին, վստահեցին Հայաստանին»,- նշել է «Թամարա Ֆրութ» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը։
«Այս արտադրանքի և՛ որակը, և՛ գինը համապատասխանում է արաբական շուկայի պահանջներին ու գներին»,- նշել է «Ալ Ֆալաջ» ընկերության գործադիր տնօրեն Համադ Ալ Շահեյը։
«Սա Աբու Դաբիի համաժողովի ներդրումային համաժողովի տեսանելի արդյունքներից մեկն է, և շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ շարունակաբար քայլեր ենք իրականացնում։ ԱՄԷ հետ ապրանքաշրջանառության հարցերը պարբերաբար քննարկում են Սուրեն Կարայանը և իր ԱՄԷ գործընկերը»,- նշել է ՀՀ ՏԶՆ նախարարության Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը։
Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված «Հայաստան-ԱՄԷ» ներդրումային համաժողովը տեղի է ունեցել մարտի 22-ին, Աբու Դաբիում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ, և մեր երկրի ղեկավարի մասնակցությամբ։
Համաժողովին ներկայացվել են գյուղատնտեսության և անասնաբուծության, էներգետիկայի, առողջապահության և դեղագործության, ՏՏ, զբոսաշրջության, անշարժ գույքի ոլորտների վերաբերյալ շնորհանդեսներ, Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների հաջողված պատմություններ, ներդրումային մի շարք նախագծեր։ Մի շարք այլ պայմանավորվածություններ նույնպես ձեռք են բերվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան